Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳ) Վախթանգ Գոմելաուրին, որ գտնվում է համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում» և պատժամիջոցների է ենթարկվել մի քանի երկրների կողմից, իր տեղակալ է նշանակել պատժամիջոցների ենթարկված ցմահ դատավոր Շալվա Թադումաձեին։
Թադումաձեն ՆԳ նախարարի հինգերորդ տեղակալն է: Մյուս տեղակալներն են՝ Շալվա Բեդոիձեն, Ալեքսանդրե Դարախվելիձեն, Գիորգի Բութխուզին և Իոսեբ Ճելիձեն։
Թադումաձեի աշխատանքային փորձը.
- 2019 թվականից մինչ օրս Թադումաձեն զբաղեցրել է Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը, նաև եղել է Գերագույն դատարանի ցմահ ընտրված դատավոր։
- Թադումաձեն 2018-2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը: Ավելի վաղ նա աշխատել է որպես Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար, եղել է Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանը։
Թադումաձեին ցմահ դատավոր ընտրելու գործընթացում վիճահարույց է դարձել նրա կրթությունը հաստատող փաստաթուղթը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվության համաձայն՝ նա 1994 թվականին հիմնադրված համալսարան է ընդունվել 1993 թվականին։
Նոր փոխնախարարի նկատմամբ Լիտվան վիզային պատժամիջոցներ է սահմանել դեկտեմբերի 5-ին։ Նա նախատեսում է այս որոշումը բողոքարկել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարան։
ՆԳ նախարարի, նրա առաջին տեղակալի, Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրենի, հատուկ հանձնարարությունների վարչության պետի և նրա տեղակալի նկատմամբ սանկցիա է կիրառվել։ Դեկտեմբերի 19-ին նրանք պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից՝ Վրաստանում եվրոպամետ ակցիաների ժամանակ լրագրողների վրա հարձակումների և խաղաղ ցույցերի բռնի ցրման համար պատասխանատվության պատճառով։