Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքում է այն տեղեկությունը, թե Վրաստանը նոր է սկսել կիրառել միջազգային պատժամիջոցները, որոնք արգելում են թանկարժեք մեքենաների ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս։
Ըստ եկամուտների ծառայության՝ մաքսային կանոնակարգերում փոփոխություններ չեն եղել, և թե՛ տարանցումը, թե՛ արտահանումը, թե՛ վերաարտահանումը լիովին համապատասխանում են միջազգային կանոններին ու կանոնակարգերին։
«Հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար պարզաբանենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների կապակցությամբ Եվրամիությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգների և G7 անդամ երկրների հետ միասին, մարտի 15-ին ընդունել է պատժամիջոցների 4-րդ փաթեթը, որն արգելում էր նշված երկրներից թանկարժեք ապրանքների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և թանկարժեք մեքենաների ու մոտոցիկլետների ներմուծումը Բելառուս»,- նշված է եկամուտների ծառայության հաղորդագրությունում։
Եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ պատժամիջոցների 4-րդ փաթեթի կիրառման օրվանից ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ թեթև ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, որոնք ներառված են պատժամիջոցների մասնակից երկրների կողմից պատժամիջոցների ցանկում, Վրաստանի կողմից ենթարկվում են խիստ մաքսային հսկողության: