ԱՄՆ Կոնգրեսում գործող Եվրոպական անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է որպես «Հելսինկյան հանձնաժողով», արձագանքել է սեպտեմբերի 16-ին Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:
Հանձնաժողովի դիտարկմամբ՝ պատժամիջոցները ցույց են տալիս ամերիկացիների համերաշխությունը վրաց ժողովրդին: Նշվում է՝ վրաց ժողովուրդն արժանի է այնպիսի կառավարության, որը կպահպանի օրենքը և կհարգի մարդկանց ազատությունները։
«Վրաց ժողովրդի կամքին հակառակ գնալը դեմ է երկրի Սահմանադրությանը… Վրացի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա օգտվելու խաղաղ հավաքների իրավունքից՝ չվախենալով առողջությանը և կյանքին վնաս հասցնելու համար»,- ասված է «Հելսինկյան հանձնաժողով»-ի X սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանում պատժամիջոցների հերթական փաթեթի մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ վիզային սահմանափակումը կվերաբերի ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ կառավարության, իրավապահ մարմինների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին։ Սահմանափակումը կտարածվի նաև խորհրդարանի այն պատգամավորների վրա, ովքեր որոշիչ դեր են ունեցել «ռուսական օրենք»-ի ընդունման գործում։
Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը. այս ցուցակում ընդգրկված է 4 անձ, որոնց թվում են ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիին (Խարաբա) և նրա տեղակալ Միլեր Լագազաուրիին։