Պատժամիջոցներ Իվանիշվիլիի նկատմամբ․ եվրոպական կենտրոններ

Եվրոպական վերլուծական կենտրոնները Եվրամիությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ:

«Մենք՝ եվրոպական վերլուծական կենտրոններս, կոչ ենք անում Եվրամիությանն ու անդամ երկրներին կանգնեցնել «Վրացական երազանք»-ին, որը Վրաստանը տանում է դեպի լիովին ավտորիտար պետություն։ Կարևոր է գործել հիմա, պատժամիջոցներ կիրառել բռնության, ընտրակեղծիքների և այն օրենքների դեմ, որոնք խաթարում են խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքները»,- ասված է եվրոպական տասնմեկ հետազոտական կենտրոնների համատեղ կոչում, որը հրապարակվել է «Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի» կայքում։

Համատեղ կոչում նշվում է՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պատասխանատու է բոլոր այն որոշումների համար, որոնք իր կուսակցությունը կայացնում է «պետական ​​գրավման և բռնի քաղաքականության վերաբերյալ»։

«Հետևաբար, նա (Իվանիշվիլին-հեղ.) պետք է պատժամիջոցների ենթարկվի Եվրոպական միության կողմից: Արտասահմանում նրա ակտիվները պետք է սառեցվեն»,- ասվում է կոչում:

Նշվում է՝ ԵՄ-ն և անդամ երկրները «պետք է գործեն հիմա, քանի դեռ ուշ չէ, ինչը նշանակում է գործել մինչև դեկտեմբերի 16-ը, երբ Բրյուսելում կհանդիպի ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը, որին առաջին անգամ կմասնակցի Կայա Կալլասը որպես արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ։

Ըստ եվրոպական վերլուծական կենտրոնների՝ «Վրացական երազանք»-ի նախընտրական քարոզարշավը բնութագրվում էր ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ սիստեմատիկ բռնություններով, իսկ ընտրությունների օրը «Վրացական երազանք»-ը «ստեղծել էր 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները համակարգված շահարկելու սխեմա, որը նրան կեղծ «հաղթանակ» բերեց»։

Եվրոպական հետազոտական կենտրոնները կարծում են, որ «նշված բոլոր գործողություններին աջակցում են ռուս խորհրդականները և ապատեղեկատվական արշավները։ Ըստ նրանց՝ Ուկրաինայի դեմ պատերազմը Վրաստանն ավելի անհրաժեշտ է դարձրել Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասով Ռուսաստանին տրանզիտային ուղիների և արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում ունեցած դերի պատճառով»: