Վրաստանի էկոնոմիկայի նախարար, առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կազդեն օտարերկրյա ներդրումների վրա։
«Այո, իհարկե։ Դա (պատժամիջոցները — հեղ.) բացասական ազդեցություն կունենա, շատ ցավալի փաստ է…»,- ասել է Դավիթաշվիլին։
Վրաստանում ուղղակի ներդրումների մասով 2024 թվականի երրորդ եռամսյակում նվազում է գրանցվել. նման ցածր ցուցանիշ 2009 թվականից ի վեր ոչ մի տարվա նույն ժամանակահատվածում չի եղել։
Գրեթե 4 շաբաթ է՝ Թբիլիսիում և այլ քաղաքներում ցույցերը չեն դադարում. քաղաքացիները բողոքում են իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն առաջիկա 4 տարում օրակարգ չեն բերվի:
Դեկտեմբերի 19-ին, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը, որը տարիներ շարունակ եղել է Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը, պատժամիջոցներ է կիրառել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ հանձնարարությունների վարչության փոխտնօրեն Զվիադ Խարազիշվիլի («Խարեբա»), Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ Նրանք երկուսն էլ ներառվել են համաշխարհային «Մագնիտսկու ցուցակում»։
Երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար լրացուցիչ վիզային սահմանափակումներ է մտցրել ավելի քան 60 անձանց, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի կենտրոնական և մունիցիպալ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ: