Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել Բաթումի նավահանգիստ մտնող նավի և բեռների վերաբերյալ։
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թուրքական դրոշով նավը, որը միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ընկերության նավթամթերք է տեղափոխում, բեռներով լքում է Բաթումի նավահանգիստը։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ևս հայտնել է, որ Բաթումիի նավահանգստում կայանված նավը, որը բեռնված է պատժամիջոցային ապրանքներով, չի ստանա մաքսային համաձայնություն և չի կարողանա բեռներ ներմուծել երկիր։
«Բաթումի նավահանգստում նավը ժամանել է պատժամիջոցների տակ գտնվող բեռներով, սա փաստ է։ Վրաստանում պատժամիջոցները շրջանցելու կամ խախտելու փաստեր չեն եղել։ Վրաստանի պետական կառույցները գործում են առավելագույն պատասխանատվությամբ, և մաքսային մարմինները չեն տվել իրենց համաձայնությունը բեռը ներմուծելու համար», — ասել է Լևան Դավիթաշվիլին։
Վրաստանի «Մթավարի արխի» (Գլխավոր ալիք) հեռուստաընկերությունը հայտնել էր, որ իշխանությունները փորձում են Արևմուտքի պատժամիջոցները շրջանցել։
Խոսքը «Ռոսնեֆտ»-ին պատկանող մոտ 30 հազար տոննա վակուումային գազ նավթի տեղափոխման մասին է։ «Մթավարին» պնդում է, որ նավի մուտքը վրացական նավահանգիստ տեղի է ունեցել իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ազգականի, գործարար Ուչա Մամացաշվիլիի և Պետական անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հովանավորությամբ։
Նշենք, որ օրեր առաջ Բաթումիի նավահանգիստ է ժամանել թուրքական դրոշով «Էսենկա» նավը՝ բեռնված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքով։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմական գործողությունից հետո արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական նավթի ու նավթամթերքների դեմ։