Դեկտեմբերից ի վեր աշխարհում ու Վրաստանում շրջանառվող կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի շուրջ բազմաթիվ կարծիքներ էին շրջանառվում: Թյուր կարծիքներից հատկապես նշանակալի է «Օմիկրոնը հիվանդության համեմատաբար թեթև ընթացք ունի, ավելի լավ է վարակվեմ ու պատվաստվելու կարիք չեմ ունենա» մոտեցումը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնը ներկայացնում է յոթ պատճառ, թե ինչու է նման մոտեցումը վտանգավոր՝
Հիվանդանոցները ծանրաբեռնված են
Նույնիսկ հիվանդության ծանր դեպքերի և հոսպիտալացման անհրաժեշտության նվազեցման դեպքում հիվանդանոցները, ընդհանրաես առողջապահական ոլորտը ծանրաբեռնված են «օմիկրոնի» բուժմամբ, քանի որ այն ունի բավականին արագ տարածում: Նման պայմաններում «օմիկրոնով» վարակվելու ու վարակը ծանր տանելու դեպքում հիվանդանոցներում հնարավոր է հիվանդին ընդունելու հնարավորություն չլինի:
Եթե դուք պատվաստված չեք, մահվան ռիսկը շատ ավելի մեծ է
Մահվան վտանգը կախված է տվյալ երկրում տիրող համաճարակային իրավիճակից և մի շարք այլ գործոններից, սակայն չպատվաստված անձի մոտ COVID 19-ից մահանալու հավանականությունը 10-ից 20 անգամ ավելի մեծ է, քան պատվաստվածի դեպքում։ Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, առկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստումն արդյունավետ է ինչպես «դելտա», այնպես էլ «օմիկրոն» տարբերակի դեմ և պաշտպանում է հոսպիտալացումից (Դելտա՝ 94%, օմիկրոն՝ 90%): Այս դեպքում հատկանշական է նաև երրորդ դեղաչափի (բուստեր) դերը: Երկու դեղաչափ ստանալուց ամիսներ անց դրանց ազդեցությունը մասամբ նվազում է, իսկ «օմիկրոնից» պաշտպանվելու համար արդյունավետ միջոցներից մեկը հենց երրորդ դեղաչափ ստանալն է:
Վերավարակման վտանգն ավելի բարձր է
Մեծ Բրիտանիայի տվյալներով՝ «օմիկրոնով» վարակվելու դեպքում դիմադրողականությունը թուլանում է 5,4 անգամ ավելի շատ, քան «դելտա» շտամով վարակվելու դեպքում:
Դուք կարող եք վարակը փոխանցել բարձր ռիսկի խմբի անձանց
Նույնիսկ եթե դուք ունեք վարակի միայն մեղմ ախտանշաններ, կամ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, կարող եք վարակել նրանց, ովքեր ավելի խոցելի են, օրինակ՝ հղի կանանց կամ տարեցներին․ նրանց մոտ հիվանդության հետևանքները շատ ավելի ծանր կարող են լինել:
«Օմիկրոն» շտամի դեպքում հիվանդության բարդությունների և մահվան հատկապես բարձր ռիսկի են հանդիպում չպատվաստված անձինք, 60 տարեկանից բարձր և գիրություն ունեցող անձինք, հղի կանայք, ինչպես նաև հիպերտոնիայով, շաքարային դիաբետով, սրտանոթային, թոքային, քրոնիկական մի շարք այլ հիվանդություններ ունեցող անձինք:
Կորոնավիրուսը հաղթահարելուց կամ պատվաստվելուց հետո միևնույնն է կարող եք վարակվել
Շատերը կարծում են, որ եթե պատվաստվել են կամ արդեն նախկինում վարակվել են կորոնավիրուսով, ապա նրանց այլևս չի սպառնում «օմիկրոնով» վարակվելը: «Օմիկրոնը» շատ ավելի ուժգին է թուլացնում իմունիտետը, քան կորոնավիրուսի նախորդ շտամները: Թեև պատվաստումը կարևոր է հիվանդության բարդությունները կանխարգելելու համար, սակայն ոչ մի պատվաստանյութ 100%-ով արդյունավետ չէ, և պատվաստված անձը դեռ կարող է վարակվել:
Հնարավոր է դուք վարակված եք «երկարաժամկետ» կորոնավիրուսով
Դեռևս պարզ չէ, թե որքանով է հնարավոր, որ «օմիկրոնը» նույնպես ունենա հիվանդության երկարաժամկետ ընթացք, սակայն միլիոնավոր մարդիկ բողոքում են կորոնավիրուսից բուժվելուց հետո դեռ երկար պահպանված ախտանշաններից: Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ վարակի երկարատև վտանգը պատվաստված անձանց մոտ 41%-ով ավելի ցածր է, քան չպատվաստված անձանց մոտ:
Այս շտամը դեռևս լիովին բացահայտված չէ
Ի տարբերություն COVID 19-ի նախորդ տարբերակների, «օմիկրոնը» բազմանում է վերին, ոչ թե ստորին շնչուղիներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեռ պարզ չէ, թե դա ինչ կարող է նշանակել երկարաժամկետ հեռանկարում։
Աղբյուր՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոն