Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` Վրաստանում կրկին գործելու են որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես, Թբիլիսիում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը կսահմանափակվի հանրային տրանսպորտի գործունեությունը, պետաշխատողները կաշխատեն առցանց, արգելված կլինեն սպորտային, մշակութային միջոցառումները և այլն:
Սրա հետ մեկտեղ, պետությունը բնակչությանը կոչ է անում պատվաստվել, ինչի համար որոշակի արտոնություններ են ստեղծվել. նրանք, ովքեր տեղաշարժի խնդիր ունեն, սակայն ցանկանում են պատվաստվել, գործում է թեժ գիծ՝ 1522: Այս համարով հնարավոր է զանգահարել, նշել նախընտրելի պատվաստանյութի տեսակը, անձնական տվյալները, ու շրջիկ բրիգադը կայցելի նշված հասցեով:
Սրա հետ մեկտեղ, նախօրեին սահմանափակումների մասին տեղեկություն հաղորդելիս` միջգերատեսչական խորհուրդը նշել էր, որ պատվաստվել ցանկացողների համար պետությունը կապահովի տեղափոխումը դեպի պատվաստումներ իրականացնող կլինիկաներ: Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու այս գործընթացը: