Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագիրը կշարունակվի նաև ապրիլ ամսվա ընթացքում:
Նշվում է, որ 50 և բարձր տարիքի Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել միանվագ 200 լարիի (մոտ 58 դոլար) խրախուսական ծրագրից պատվաստման առաջին չափաբաժինը ստանալուց հետո։
Իսկ նույն տարիքային խմբի այն քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն խթանիչ (booster) դոզայով՝ միանվագ կստանան 100 լարի (մոտ 29 դոլար)։
Այն քաղաքացիների համար, որոնց տարիքը չի համապատասխանում կենսաթոշակային տարիքին, սոցիալական գործակալությունը հաշիվներ կբացի Liberty Bank-ի հետ կնքված պայմանագրով։
Հիշեցնենք՝ խրախուսական ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի նոյեմբերի 8-ին, որի ժամանակ խրախուսվում էին միայն 60 և ավելի տարիքի քաղաքացիները, իսկ արդեն 2021 թվականի դեկտեմբերի 28-ից ծրագրից օգտվում են 50 և բարձր տարիքի քաղաքացիները։ 2022 թվականի հունվարի 25-ից էլ մեկնարկել է խթանիչ դոզայի համար նույն տարիքի քաղաքացիներին հատկացվող 100 լարիի (մոտ 29 դոլար) չափով խրախուսական ծրագիրը։