Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ներկայիս տեմպը թույլ կտա, որ մինչև տարեվերջ Վրաստանի չափահաս բնակչության 60% -ը լիովին պատվաստված լինի, ինչը համահունչ է ազգային ծրագրին:
Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Սեպտեմբերի 11 -ի դրությամբ Վրաստանում 577,162 մարդ լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 20,2% -ը: Եվս 889.903 մարդ կամ չափահաս բնակչության 31,2% -ը ստացել է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժինը: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կատարվել է ավելի քան 21 հազար պատվաստում:
Մասնագետի կանխատեսմամբ` եթե սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսներին հասնեն օրական 24 հազար ցուցանիշի, ապա մինչև հոկտեմբերի վերջ հնարավոր կլինի լրջորեն զսպել վիրուսը, այսինքն` ցուրտ սեզոնը Վրաստանը կդիմավորի` առանց լուրջ վտանգի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26 -ին: Մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 580.869 դեպք (բնակչության ավելի քան 15% -ը), ապաքինվել է 541.610 հիվանդ, մահացել է 8185 մարդ:
Վերջին վիճակագրությունը` սեպտեմբերի 11-ի դրությամբ` 1838 նոր դեպք ու 39 մահ:
Երկիրն արդեն անցել է կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի միջով: Պարզվեց, որ այն ամենածանրն էր. օրական գրանցվել է 5-6 հազար նոր վարակ և մի քանի տասնյակ մահ:
Համաճարակաբանները նշում են, որ որոշ ժամանակ մահացության ցուցանիշը կմնա բարձր, քանի որ հիվանդանոցներում հիվանդների թիվը դեռ նույն մակարդակի վրա է: