Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, վերջին շրջանում պատվաստումների ցուցանիշն աճել է, ինչը լավ արդյունք է։
«Այժմ հիվանդանոցներում է գտնվում 6718 կորոնավիրուսով հիվանդ, որից 1766-ը՝ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 371 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունքում։ Նոյեմբերի 8-ին «Պատվաստումների ծրագրով» մեկնարկեց 60 տարեկանից բարձր անձանց ֆինանսական խրախուսման սխեման, որը խթան հանդիսացավ այս տարիքային խմբում պատվաստման շատացմանը։
60-ից բարձր տարիքային խմբում պատվաստման ցուցանիշը 28%-ից հասել է 44%-ի։ Նոյեմբերի 15-ին պատվաստումների ցուցանիշը գերազանցում է 8 հազարը, ինչը խոստումնալից է։ 3-րդ չափաբաժնով պատվաստման ցուցանիշը բարձր է հիմնականում 18-ից 49 տարեկանների շրջանում։ Ինչ վերաբերում է 12-15 տարեկան երեխաների պատվաստմանը, ապա դեռ կիրառվել է 643 դեղաչափ։ Պատվաստվել է 16-18 տարեկան ավելի քան 11000 դեռահաս», — հայտնել է Գաբունիան։
Նա նշել է, որ հարկ է համարում ուշադրության կենտրոնում պահել պատվաստումները խրախուսող ծրագրերն ու նախագծերը։
«Այսօր գլխավորն այն է, որ ինչ-որ կերպ հաջողվի կասեցնել համաճարակի տարածումը։ Հարկավոր է մեծ ուշադրություն հատկացնել պատվաստումը խրախուսող ծրագրերին, նաև խիստ կարևոր է քաղաքացիները ակտիվությունն այս հարցում»,-ասել է Գաբունիան։
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակին է անդրադարձել նաև հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։
«Երկրում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կա նաև դրական արդյունք, կրճատվել է այսպես կոչված վերարտադրման ինդեքսը։ Նախորդ երկու-երեք շաբաթների համեմատ՝ 700-800 դեպքով քիչ են այս շաբաթվա դեպքերը։ Ցավալի է, որ արդեն մի քանի օր է՝ զոհերի թիվը հասել է ավելի քան 80-ի, այս իրավիճակը կարող է կանգնեցնել միայն պատվաստումը», — նշել է վարակաբանը։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր