Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդի ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով, քանի դեռ պատվաստվածների թիվը Վրաստանում քիչ է՝ վաղ է ասել, որ երկիրը կկարողանա հաղթահարել համավարակը։
Ըստ Չխաիձեի՝ համավարակի ավարտի մասին հայտարարությունը կարվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ համավարակաբանական իրավիճակի գլոբալ բարելավումից հետո։
«Երկրում հիվանդության տարածվածությունը կտրուկ նվազել է և, որ ամենակարևորն է, իրավիճակը կայուն է, սակայն չպետք է մոռանալ, որ աշխարհի շատ երկրներում այժմ դեպքերի թիվն ավելանում է։ Ընդհանուր առմամբ, կա 60-70 երկիր, որտեղ դեռ վաղ է խոսել համավարակի ավարտի մասին»,- ասել է Չխաիձեն։
Ըստ մասնագետի` պետք չէ մոռանալ նաև, որ Վրաստանում կան բավական մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ո’չ վարակվել են կորոնավիրուսով, ո’չ էլ պատվաստվել են:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նոր տարբերակներին, ապա, ըստ Չխաիձեի` «վտանգ կա, որ այդ տարբերակները կհայտնվեն նաև Վրաստանում»։
Բացի այդ, Չխաիձեն հայտնել է նաև, որ Վրաստանում ցածր է պատվաստումների ցուցանիշը:
«Այսօրվա տվյալներով՝ պատվաստվել է չափահաս բնակչության 44 տոկոսը։ Հետևաբար, փաստն այն է, որ մենք նպատակին չենք հասել։ Մեր նպատակն է մինչև ամառ հասնել 70 տոկոսի»,- ասել է Չխաիձեն։