Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հերքել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզին՝ պաշտոնական այցով Մոսկվա գործուղելու մասին լուրը։
Մոսկվայի պատրիարքարանը տարածած հաղորդագրությունում տեղեկացրել էր, որ մայիսի 24-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Հրեշտակապետ Կիրիլի օրվան նվիրված պատարագին ներկա է գտնվել Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզը։
«Լրատվամիջոցներում և համացանցում տեղեկություն է տարածվել, թե Վրաստանի պատրիարքարանը Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզին (Պաչուաշվիլի) գործուղել է Մոսկվա՝ շնորհավորելու ռուս պատրիարքին։
Պարզաբանում ենք՝ Վրաստանի պատրիարքարանը տեղյակ չի եղել, որ միտրոպոլիտ Նիկոլոզն այդ օրը ներկա է գտնվել պատարագին, քանի դեռ համացանցում չի տարածվել համապատասխան փաստը պատկերող լուսանկար։
Վերջին շրջանում Նիկոլոզը մի քանի անգամ այցելել է Մոսկվա՝ ելնելով մասնավոր և անձնական կարիքներից, քանի որ Ռուսաստանի մայրաքաղաքում ունի ընտանիքի անդամներ և այլ հարազատներ»,- նշված է վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի հանրային կապերի ծառայության հաղորդագրության մեջ:
Միտրոպոլիտ Նիկոլոզը Formula հեռուստաըներությանն ասել է. «Կիրիլ Հրեշտակապետի օրվան նվիրված պատարագ էր, ինձ հրավիրեցին ծառայության։ Ես չհասցրի պատրիարքին տեղյակ պահել։ Պատրիարքը գիտեր, որ ես Մոսկվայում եմ, բայց տեղյակ չէր, որ մասնակցելու եմ պատարագին, չհասցրեցի պայմանավորվել»։
Ի դեպ, Կիրիլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ կողմնակիցն է, օրհնել է պատերազմ մեկնող ռուս զինվորներին՝ արդարացնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Միաժամանակ, Կիրիլը ռուսներին հորդորել է ուկրաինացիներին չընկալել որպես թշնամիներ։