Գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիությունը հայտարարել է, որ պատրաստվում են համընդհանուր գործադուլի՝ ընդդեմ «ռուսական օրենքի»։ Նրանք այդ մասին տեսանյութ են հրապարակել սոցցանցերում։
Արհմիությունը կոչ է անում կառավարությանը հետ կանչել «ռուսական օրենքը», քանի որ այն հակադրվել է վրաց հասարակությանը և մեծ վնաս է հասցնում երկրին։
«Դիմելով մեր գործընկերներին, արհմիությունների անդամներին, աշխատակիցներին՝ մենք հնարավորություն կունենանք վերջ տալ բռնությանը, որը տեղի է ունենում մեր երկրում։
Մենք՝ արհմիությունը, կոչ ենք անում հրշեջներին, փրկարարներին, ուսուցիչներին, առաքիչներին, վարորդներին և բժիշկներին համախմբվել հանուն ընդհանուր նպատակների։
Եվ քանի որ իշխանությունը համառորեն հրաժարվում են հետ կանչել օրենքը՝ ի վնաս երկրի, մենք պատրաստվում ենք համընդհանուր գործադուլի՝ ընդդեմ ռուսական օրենքի, հանուն այս երկրի բնականոն զարգացման պահպանման և եվրոպական ապագայի համար», — հայտարարել է արհմիությունը։