Պատրաստվում ենք Русский корабль, иди на **й զավեշտալի կոչերով Ռուսաստանի Սոչի քաղաքից Բաթումիի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը մեկընդմիշտ հետ ուղարկել, անդրադառնալով Բաթումիում ընթացող բողոքի ակցիաներին, Բաթումիից «Ալիք Մեդիա»-ին ասաց Աջարիայի հայ համայնքի մամլո ծառայության ղեկավար, Բաթումիում ակցիաների մասնակից Արտուր Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ այս պահին Բաթումիում բողոքի ակցիան համեմատաբար հանդարտվել է, քանի որ մի խումբ զբոսաշրջիկներ ոստիկանների ուղեկցությամբ նստել են երթուղային տաքսիներն ու շարժվել դեպի Բաթումիի տեսարժան վայրերը, մի մասն էլ մնացել է զբոսանավում:
Աջարիայի հայ համայնքի մամլո ծառայության ղեկավարը նշեց՝ զբոսանքի դուրս եկած ռուս զբոսաշրջիկները դժվար թե հաճույք ստանան զբոսանքից, քանի որ ակտիվիստները նրանց, մեղմ ասած, լավ չեն ընդունել, իսկ նավահանգստում լարված մթնոլորտ է տիրում:
«Այս ամենին նպաստում է այն, որ զբոսաշրջիկները Վրաստանին առնչվող վատ մեկնաբանություններ են անում, չեն ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը և փորձում են տարբեր մեկնաբանություններով արդարացնել իրենց ժամանումը»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ ակցիայի բոլոր մասնակիցները դեմ են նմանօրինակ տրամադրությամբ զբոսաշրջիկների մուտքին Վրաստան:
Ըստ նրա՝ լուրը, որ ASTORIA GRANDE զբոսանավը հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը, ողջունել են Բաթումիի հասարակությունն ու ակցիայի մասնակիցները:
Հովհաննիսյանը նշեց՝ Բաթումիի հայերը գիտակցում են, թե ինչ է կատարվում քաղաքում, սակայն, Աջարիայի հայ համայնքի մամլո ծառայության ղեկավարի գնահատմամբ` ակցիաներին հայերն ակտիվորեն չեն մասնակցում: Նրա խոսքով, պասիվությանը գուցե «նպաստում է» վրացերենի անբավարար իմացությունը կամ գուցե` վախն իշխանությունից:
«Ես՝ որպես Բաթումիում բնակվող հայ, Վրաստանի քաղաքացի, ցավում եմ, որ Վրաստանի իշխանությունները նման չափից շատ դրական վերաբերմունք են ցուցաբերում մեր Հյուսիսային հարևանի նկատմամբ. կարծում եմ, սա վատ հետևանքներ է ունենալու Վրաստանի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի համար, քանի որ ռուսական գործոնը մեր տարածաշրջանին երբեք լավ բանի չի հանգեցրել»,- եզրափակեց Աջարիայի հայ համայնքի մամլո ծառայության ղեկավարը:
Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով՝ ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածներին մեղադրում են վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել։
Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:
Այսօր՝ հուլիսի 31-ի լուսադեմին, ASTORIA GRANDE-ն հերթական անգամ Վրաստան է բերել ռուս զբոսաշրջիկների։ Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև պատերազմի կողմնակիցներ և պուտինամետ ակտիվիստներ: Նավի ժամանմանը զուգահեռ կրկին բողոքի ակցիա է մեկնարկել, որ շարունակվում է մինչ այս պահը:
«Ջիուտի» երիտասարդական շարժումը ժամը 19:00-ին Վրաստանի խորհրդարանի մոտ «Ռուսաստանը թշնամի է, ոչ թե հյուր» խորագրով բողոքի ակցիա կանցկացնի:
Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։
Լուսանկարները տրամադրել է Արտուր Հովհաննիսյանը