«Մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք Վրաստանի հետ ուղիղ բանակցությունների, սակայն ամեն ինչ կախված է Թբիլիսիի դիրքորոշումից»,- այս մասին հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:
«Պատրաստ ենք Վրաստանի հետ ուղիղ բանակցությունների, թեկուզ միջնորդների միջոցով տեղի ունենա այդ երկխոսությունը: Իհարկե, ցանկանում ենք, որպեսզի միջնորդը լինի Ռուսաստանը: Միևնույն ժամանակ մեր գլխավոր պահանջը վրացական կողմը պետք է կատարի: Խոսքը ուժի չկիրառման մասին համաձայնագրի կետերը կատարելու մասին է: Հարավային Օսիայի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ վրացական կողմը դրանով պարտավորվում է ռազմական ուժ չկիրառել: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, խոսելու ոչինչ չկա»,- հայտարարել է Բիբիլովը:
Նա նաև նշել է, որ վրացական քաղաքական դիրքորոշումն անփոփոխ է, իսկ «Հարավային Օսիայի հանդեպ վերաբերմունքը Վրաստանը չի փոխի քանի դեռ չի փոխել Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը»: