Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը ՀՀ-ին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում:
«Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է,- որքանով տեղյակ եմ՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսազրույց ունենան, ու այդ ընթացում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները: Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը»:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական քարոզչության, Թբիլիսիում գործող Լուգարի լաբորատորիայի անվան հետ կապվում է Ամերիկայի ֆինանսավորմամբ զենքի արտադրման հանգամանքը, ինչը թեև բազմիցս հերքվել է և լաբորատորիայի գործունեությունը խիստ կարևորվել՝ հատկապես կորոնավիրուսի հակահամաճարակային գործունեության ընթացքում։
Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ: