Վրաստանի 12-րդ դասարանի պատմության վերջին դասագրքի խմբագիրը «ռուսական օրենքի» կողմնակից պատգամավոր Գիորգի Սոսիաշվիլին է։ Սոսիաշվիլին այն պատգամավորներից է, որ բոլոր երեք ընթերցումներով կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը։
Հեղինակներն են Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Դիմիտրի Շվելիձեն և կրթության նախարարության ազգային ուսումնական պլանների մշակման փորձագետ Նիկո Սիլագաձեն:
Ըստ պատմաբան և ուսուցիչ Գիորգի Ջավախիշվիլիի՝ դասագիրքը լինելու է Վրաստանի պատմության բացառապես հեղինակային նյութ-ռեսուրս, ինչը նշանակում է, որ այլ հեղինակների գրքերը դպրոցներում հնարավոր չի լինի ներառել։
Նրա խոսքով, գրքի խմբագրին ու հեղինակներին ԿԳՆ-ն ընտրել է առանց մրցույթի։ Գիորգի Ջավախիշվիլիի կարծիքով՝ ռիսկային է գրքի խմբագրումը վստահել «ռուսական օրենքի» կողմնակից պատգամավոր:
«Ամենայն հավանականությամբ, նա այս նախագծում գրաքննության դեր է խաղում և վերահսկում է բոլոր այն բառերը, որոնք առնչվում են Վրաստանի ամենավերջին, շատ ցավոտ ժամանակաշրջանին։ Օրինակ, 2008-ի պատերազմը հաճախ է հիշատակվում այս ժամանակաշրջանի դասագրքերում: Այսօրվա տեսանկյունից պարզ է, թե այս ուղղությամբ ինչ տեքստեր և առաջադրանքներ կարելի է գտնել Սոսիաշվիլիի խմբագրած վրացական պատմության ռեսուրսում», — ասել է Գիորգի Ջավախիշվիլին։