Այսօր՝ օգոստոսի 6-ին, Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է Ընդհանուր ունակությունների քննության առաջնային պատասխանները։ Նշված քննությունը հանձնում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդները` ընդունվելու նպատակով Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ «1+4» ծրագրով, որը հնարավորություն է տալիս 1 տարի սովորելու պետական լեզուն, այնուհետև ընտրելու ցանկալի ֆակուլտետը։
Հայազգի դիմորդներից շատերը, որոնք հայերեն հանձնեցին Ընդհանուր ունակությունների քննությունը, հասել են հաջող արդյունքի և ակնկալում են ԲՈՒՀ-երում սովորել անվճար։
17-ամյա Էմմա Մանուկյանն Ախալքալաքից է, սովորել է Ախալքալաք քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան հանրային դպրոցում. առավելագույն 80 միավորից նա հավաքել է 71 միավոր։
Էմման խոստովանեց, որ վստահ չէր, թե Վրաստանում է ուզում ստանալ բարձրագույն կրթություն, ուստի պարապել էր նաև Հայաստանի Հանրապետությունում քննություններ հանձնելու մտադրությամբ, իսկ վերջին 1-1,5 ամսում պատրաստվել է Ընդհանուր ունակությունների քննությանը։
«Շատ ուրախացա, երբ տեսա միավորներս. իրոք, այդքան բարձր միավորի չէի սպասում, քանի որ երկմտանքի մեջ էի», — ասաց Էմման։ Ինչ մասնագիտություն է ընտրելու` հարցին նա պատասխանեց. «Դեռ չեմ որոշել` Ախալքալաքի Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարան կընդունվեմ, թե Թբիլիսիում Իլիայի պետական համալսարան»։ Նաև հավելեց, որ մտածում է վրացերենի մեկամյա կուրսն ավարտելուց հետո ընտրել հաշվապահի մասնագիտությունը։
Մեր մյուս զրուցակիցը Թամարա Միքոյանն է. նա Բորժոմիի շրջանի Բալանթա գյուղից է։ Չնայած «1+4» ծրագրին անհրաժեշտ Ընդհանուր ունակությունների քննությունը հանձնել է 67/80 ցուցանիշով, դրան զուգահեռ նաև հաղթահարել է վրացի ուսանողների համար նախատեսված բուհ ընդունվելու քննությունների շեմերը։
«Դե, հիմնական ուշադրությունս սևեռել եմ ընդհանուր ունակությունների վրա, բայց քանի որ գիտեի անգլերեն և վրացերեն, որոշեցի այդ քննություններն էլ հանձնել։ Հուրախություն ինձ` 4 առարկաներից էլ բարձր արդյունք գրանցեցի։ Ինքնուրույն եմ պարապել 4 առարկաներն էլ, 4-5 ամսվա ընթացքում։
Ընդհանուր ունակությունների քննության պարագայում սպասում էի, որ բարձր միավորներ կստանամ, քանի որ մաթեմատիկայի հատվածը ճիշտ էի նշել, բայց այսքան բարձր չէի պատկերացնում, ու աննկարագրելի զգացողություններ ունեմ», — ասաց Թամարան։
Թամարան որոշել է ընդունվել Իլիայի անվան պետական համալսարան և հետագայում դառնալ անգլերենի մասնագետ։
Հավելենք. Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) «Ալիք Մեդիա»-ին փոխանցած տեղեկության համաձայն, միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները՝ որ համալսարան և որ ֆակուլտետ է ընդունվել դիմորդը, վճարովի, թե անվճար, հայտնի կդառնա օգոստոս ամսվա վերջին։