Թբիլիսիի քաղաքապետարանը և սակրեբուլոն նոր ծրագրեր են մշակել պատմական թաղամասերում վթարային շենք-շինությունների փոխարինման-վերականգնման համար։
Քաղաքապետ Կախա Կալաձեն սակրեբուլոյի նիստում ներկայացնելով ծրագրերը՝ նշել է, որ առաջինով բիզնես հատվածը կներգրավվի պատմական թաղամասերում առկա շենքերի փոխարինման-վերականգնման գործընթացում, իսկ Թբիլիսիի զարգացման հիմնադրամը կպատրաստի նախագիծը, կգնահատի ծախսերը և կիրականացնի վերականգնողական աշխատանքները։
Երկրորդ ծրագրով վթարային շենքերի սեփականատերերին հնարավորություն կտրվի, որ իրենց գույքի օտարման/վաճառքի գործընթացն աճուրդով իրականացնի Թբիլիսիի քաղաքապետարանը:
«Սեփականատերերի համաձայնությունից հետո Թբիլիսիի քաղաքապետարանը կապահովի անշարժ գույքի փորձագիտական գնահատումը՝ արժեքը որոշելու համար: Դրանից հետո տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները կկատարեն օպտիմալ պլանավորման որոշում, և այս մանրամասն տեղեկատվությունը երկու ամսվա ընթացքում կտրամադրվի Թբիլիսիի քաղաքապետարանին, որը կտեղադրվի կայքում»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կալաձեն նաև ասել է, որ քաղաքապետարանը հնարավորություն կտա մեծ քանակությամբ հողատերերին բարձրացնել K2 գործակիցը (ինտենսիվ զարգացման K2 գործակիցը հողամասում գտնվող կապիտալ շենքերի ընդհանուր մակերեսի հարաբերակցությունն է հողամասի մակերեսին): Նրա խոսքով, K2 գործակցի բարձրացման գործընթացը կազդի միայն այն հողերի վրա, որոնք կարևոր են հանրային շահի համար։