Վրաստանում հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիական անկարգություններ են ծրագրվում, որոնց նպատակը բռնության միջոցով իշխանություն փոխելն է, հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
ՊԱԾ-ը հայտարարում է, որ դիտարկվում է երկրում «Եվրամայդանի» նման սցենարով իրադարձությունների զարգացումը։
ՊԱԾ-ում կայացած ճեպազրույցում հակաահաբեկչական կենտրոնի փոխտնօրեն Բաչա Մգելաձեն ասել է, որ որպես «ապակայունացնող գործընթացների» մեկնարկի ժամկետ ընտրվել է ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը, այն ժամանակահատվածը, երբ պետք է հրապարակվեն Եվրոպական հանձնաժողովի միջանկյալ և ԵՄ վերջնական եզրակացությունները:
Ուշագրավ է, որ ՊԱԾ-ը չի հրապարակել որևէ ապացույց, որը կհաստատի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը։
ՊԱԾ բարձրաստիճան պաշտոնյան՝ որպես «անկարգությունների պլանի» հեղինակներ նշել է մի քանի անձի։ Նրանց թվում են Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Վանո Մերաբիշվիլիի տեղակալ և ներկայումս Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գիորգի Լորթքիփանիձեն, և նրա հրամանատարության տակ գտնվող վրացական ծագում ունեցող անձինք, այդ թվում՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գվարդիայի նախկին անդամ Միխեիիլ Բատուրինը, ինչպես նաև Սաակաշվիլիի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Մամուկա Մամուլաշվիլին՝ Ուկրաինայում գործող «Վրացական լեգեոնի» հրամանատարը։
Մգելաձեն նաև ասել է, որ հաստատված և ճշտված տեղեկությունների համաձայն, Լորթքիփանիձեի պլանը կյանքի կոչելու համար կօգտագործվի Ուկրաինայում կռվող վրացական ծագումով խումբը, որի ուսուցումն անցկացվում է լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ:
Ի դեպ, 2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե՝ արդյո՞ք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի եզրակացությունից հետո, մինչև 2023 թվականի վերջ, Եվրոպական խորհրդի ղեկավարները կգնահատեն Վրաստանի և այլ երկրների առաջընթացը։
Անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։