«Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, որ 2021-ին լքեց իշխող թիմի շարքերը՝ հրաժարական տալով նաև վարչապետի պաշտոնից, արձագանքել է Մոսկվայից առաջին թռիչքին:
Ըստ Գախարիայի՝ եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է փոխել ժողովրդի ընտրած Վրաստանի զարգացման վեկտորը և թաքնվել պատասխանատվությունից, չարաչար սխալվում է:
Նրա խոսքով, պատասխանատվությունը անձնավորվելու է, և դա վերաբերում է բոլորին, և առաջին հերթին թաքնված Բիձինա Իվանիշվիլիին, որ իր վստահված անձանց հետ ղեկավարում է այս գործընթացը:
«Այսօր՝ Գիգա Օթխոզորիայի սպանությունից 7 տարի անց, մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու փոխարեն Մոսկվայից Թբիլիսի ուղիղ չվերթ է տեղի ունեցել, որը «Վրացական երազանքը» հպարտությամբ է ընդունում, դա ընդունում է որպես սեփական հաջողություն»,- ասել է Գախարիան։
Հիշեցնենք, որ Աբխազիայի «սահմանապահների կողմից» Օթխոզորիան սպանվել էր 2016 թվականի մայիսի 19-ին, վրաց-աբխազական շփման գծի մոտակայքում՝ վրացական կողմից վերահսկվող Խուրչա գյուղում։ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է ռուսական կողմը։