Այսօր «Քրոնիկա +» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն հարցաքննվել է դատախազությունում:
Կիլաձեն հայտարարել է, որ Բադրի Պատարկացիշվիլիի սպանության պատրաստման գործով հետաքննություն է ընթանում, իսկ ինքը վկայի կարգավիճակ ունի:
Էլիսո Կիլաձեն երկու տարի առաջ հետաքննությանը ձայնագրություններ է փոխանցել: Նրա խոսքով, ձայնագրությունում հայտնի չեչեն դաշտային հրամանատարն ընդունում է, որ իր հետ կապի է դուրս եկել սահմանադրական անվտանգության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա և պատվիրել Պատարկացիշվիլիի սպանությունը:
«Որքանով գիտեմ Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը կազմակերպելու գործով հետաքննություն է սկսվել: Ամենայն հավանականությամբ, գործը վերաբերում է նրան, որ 2 տարի առաջ դատախազությանը փոխանցեցի ձայնագրություններ, որտեղ չեչեն հրամանատար Ուրաիս Ախմեդովն ընդունում է, որ իր հետ կապի է դուրս եկել սահմանադրական անվտանգության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա և պատվիրել Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը»,- ասում է Կիլաձեն:
Նշենք, որ Էլիսո Կիլաձեն ղեկավարել է Վրաստանի նախագահի նախկին թեկնածու, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբը: