Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, «Հաղթական Վրաստան» շարժման հիմնադիր Իրակլի Օքրուաշվիլին այսօր կհարցաքննվի Թբիլիսիի քաղաքային դատարանում:
Հարցաքննությունը նշանակվել է հունիսի 20-21-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ-ի 225-րդ հոդվածով, ինչը ենթադրում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և մասնակցություն:
Հունիսի 20-21-ի դեպքերի հարցով դատարանն արդեն հարցաքննել է Նիկա Մելիային, Գիգի Ուգուլավային, Գուբազ Սանիկիձեին, Խատիա Դեկանոիձեին և Բաչուկի Քարդավային:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը:
Թբիլիսիում բողոքի ակցիաները, որ շարունակվում են մինչ օրս, սկսվել են, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: