Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Բուլղարիայում ընթացող Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների խորհրդի (SEDM) շրջանակներում հանդիպել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Անգել Տիլվարի հետ, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության մարտահրավերների և այդ առումով տարածաշրջանի երկրների միջև գործընկերության զարգացման կարևորության մասին: Նախարարները պայմանավորվել են էլ ավելի ուժեղացնել համատեղ ջանքերը Սև ծովի անվտանգության համար:
Նախարարները քննարկել են նաև Վրաստանի և Ռումինիայի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության հարցեր։ Ուշադրություն է դարձվել եվրոպական և եվրատլանտյան կառույցներին միանալու Վրաստանի ձգտումներին և այդ ճանապարհին Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին ու ձեռքբերումներին»,- նշված է տեղեկության մեջ։
Ընդգծվել է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) կարևոր դերը և Ռումինիայի ներդրումը փաթեթի նախաձեռնությունների հաջող իրականացման գործում։ Զրույցում անդրադարձ է եղել նաև ռազմական կրթության և ռազմական պատրաստության ուղղությամբ համագործակցության հարցերին։
Վրաստանի ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել իր ռումինացի գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցելու և Եվրամիության մոնիտորինգային առաքելության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։