Կայացավ Վրաստանի և Հայաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցած նոր «Բարեկամություն» կամրջի բացման արարողությունը:
Բացմանը ներկա էին Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երկու կողմից:
«Մեր երկրների բարեկամությունը չափվում է դարերով։ Մեր հարաբերությունները ոչ միայն եղբայրության և բարեկամության օրինակ են, այլև կարևոր նախապայման են ողջ տարածաշրջանի բարգավաճման, կայունության, անվտանգության ու զարգացման համար։ Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է մեր համագործակցության և բարեկամության հաջողությունը», — բացման խոսքում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ 160 մետր երկարությամբ և 4 գոտի ունեցող կամուրջը եզակի նախագիծ է տարածաշրջանում։
«Կարմջի գործարկման արդյունքում սահմանին տրանսպորտային կարողությունները կրկնապատկվում են։ Ճանապարհային անվտանգության որակը բարելավվում է ինչպես երկու երկրների քաղաքացիների, այնպես էլ հյուրերի, ինչպես նաև տարանցիկ փոխադրամիջոցների համար, ինչն իր հերթին կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը», — ասել է Ղարիբաշվիլին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, Հայաստանի համար մեծ նշանակություն ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի ու անվտանգ մատակարարման առումով:
«Կարևոր է նաև հետագա հարաբերությունների զարգացումը շրջակա միջավայրի պահպանության, զբաղվածության, կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Պետք է ակտիվացնենք համատեղ միջոցառումների իրականացումը և փորձը կիսենք միմյանց հետ։
Մեծարգո վարչապետ, այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ, սերտ կապեր, ուստի մեր հարաբերությունները պետք է դյուրացվեն, ինչին կնպաստի հենց այս կամուրջը», — ասել է ՀՀ վարչապետը։
Ըստ առկա տվյալների՝ կառուցվել է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Երկու կամուրջների ընդհանուր լայնքը կազմում է 24.7մ, յուրաքանչյուրինը՝ 11.85մ: Կամուրջն ունի է մոտ 32 մետրանոց 5 թռիչք և մոտեցնող ճանապարհներ, արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ: