
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) աշխատակիցներին վերակազմավորման հիմքով ազատում են աշխատանքից: Աշխատանքից հեռացվածների մեծ մասը ստորագրել է եվրոպական և եվրատլանտյան կուրսի աջակցության ստորագրահավաքի տեքստը։ Նրանցից շատերը կրթություն են ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարաններում։
Մինչ ՊՆ աշխատակիցների ազատումը, մի շարք այլ գերատեսչություններում ևս սկսվել էր քաղծառայողների ազատման գործընթացը. միտումները նման են: Մի քանի աշխատակիցներ արդեն հրապարակայնորեն հաստատել են իրենց աշխատանքից ազատումը։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ փետրվարի 23-24-ը տարբեր գերատեսչություններից առնվազն տասը հոգի ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին։ Նրանք ակնկալում են, որ գործընթացը կշարունակվի։ ՊՆ-ն վերակազմավորման մեկնարկը հայտարարել էր դեռ հունվարին։ Նախկինում մի շարք այլ գերատեսչություններից աշխատակիցներ են հեռացվել։
ՊՆ աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Անանո Գորգոձեն արդեն ծանուցվել է, որ համակարգում 7 տարի աշխատելուց հետո մարտի 11-ից հեռանալու է աշխատանքից։ Օպտիմալացման նպատակով սկսված վերակազմավորումն ազդել է նրա ողջ բաժնի վրա։
Անանո Գորգոձեն կասկած անգամ չունի, որ իր պաշտոնանկության իրական պատճառը ստորագրահավաքին միանալն է, նա հենց այս որոշումներին էր սպասում նախարարությունում սկսված վերակազմավորումից։
Միջազգային հարաբերությունների և եվրատլանտյան ինտեգրման դեպարտամենտի ՆԱՏՕ-ի ինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Միխեիլ Ռամազաշվիլին նույնպես իր պաշտոնանկությունը կապում է նույն տեքստի ստորագրման հետ։ Ռամազաշվիլին հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն այս փուլում ձեռնպահ է մնացել լրացուցիչ պարզաբանումներ տալուց։ Միխեիլ Ռամազաշվիլին ՊՆ համակարգում աշխատել է ավելի քան 9 տարի։
Ֆեյսբուքյան հրապարակած գրառման մեջ Ռամազաշվիլին հաստատում է իր հավատարմությունը եվրատլանտյան ճանապարհին և Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Նա նաև նշում է, որ «հայրենիք հասկացությունն ավելին է, քան աշխատավարձը»։
Մակա Կևլիշվիլին և Մարիամ Օբոլաշվիլին ևս սոցցանցերում հաստատել են ՊՆ-ից իրենց հեռացումը։ Նրանք երկուսն էլ ստորագրել են ստորագրահավաքի տեքստը։
«Որոշակի օպտիմալացում է տեղի ունեցել, համապատասխանաբար՝ որոշ անձինք ազատվել են աշխատանքից՝ օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ։ Ոմանք հնարավոր է ստորագրել են (տեքստը — հեղ.), ոմանք՝ ոչ», — փետրվարի 25-ին Կոջորիում ասել է «Վրացական երազանք»-ի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցերին։ Նա սխալ է անվանել այն տեղեկությունը, թե համակարգից հեռացված բոլոր աշխատակիցները ստորագրել են արևմտամետ ստորագրահավաքի տեքստի տակ։
ՊՆ-ի մոտ 60 աշխատակիցներ ստորագրահավաքի տեքստ են ստորագրել 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց՝ Եվրամիությանն անդամակցության անհրաժեշտ փուլը 4 տարով հետաձգելու իր որոշման մասին։
Այս որոշման հրապարակմանը հաջորդեց շարունակական բողոքի լայնածավալ ալիքը, որը շարունակվում է արդեն մոտ 3 ամիս, ամեն երեկո Ռուսթավելի պողոտան փակվում է։