Հանցավորության կանխարգելման, պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության երեք աշխատակից բարձրաձայնում է քաղաքական հողի վրա իրենց աշխատանքից ազատելու մասին։
Դատապարտյալների և նախկին բանտարկյալների վերասոցիալականացման և վերականգնման վարչության ղեկավար Նինո Տկղեշելաշվիլին Facebook-ում գրել է՝ աշխատանքից ազատման մասին իմացել են Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին։
Նրա խոսքով` պետական հատվածում իրականացվում է ղեկավար պաշտոնների աշխատակիցների քաղաքական զտում։
Անչափահասների ուղղորդման կենտրոնի ղեկավար Նաթիա Ալիաշվիլին, որ 12 տարի աշխատել է պետական ծառայությունում, նույնպես ահազանգել է քաղաքական պաշտոնանկությունների մասին։
«Ավելի քան 2 տարի ղեկավարել եմ Անչափահասների ուղղորդման կենտրոնը։ Մեր համագործակցությունն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, մեկ պաշտոնական ծանուցմամբ։ Ինձ ասում են՝ փետրվարի 1-ից ազատվել ես աշխատանքից», — գրում է Ալիաշվիլին ֆեյսբուքում։
«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:37-ին, ստացա հաղորդագրություն. Դա իսկական ամանորյա նվեր էր, որը ես պատահաբար տեսա և կհիշեմ ամբողջ կյանքում»,- ֆեյսբուքում գրում է մեկ այլ պետական ծառայող՝ Մորիս (Կոբա) Բարամիան։
Նա զբաղեցրել է Հանցագործությունների կանխարգելման, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության դիվերսիոն միջնորդության վարչության պետի պաշտոնը։
Բարամիայի խոսքով` իր աշխատանքից ազատումը նույնպես կապված է քաղաքական հայացքների հետ։
Նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու մասին, ինչը բացահայտ քննադատության ենթարկվեց մի շարք պետական պաշտոնյաների կողմից։
Վերջին օրերին «Վրացական երազանք»-ի որոշման վերաբերյալ քննադատական դիրքորոշում հայտնած մի շարք պետական պաշտոնյաներ հայտարարեցին, որ իրենց աշխատանքից ազատել են քաղաքական հողի վրա։