Պաշտոնական տեղեկություն չկա Վրաստան մուտքի պարտադիր առողջապահական ապահովագրության մասին

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, թե 2024 թվականի հունիսի 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կպահանջվի, «Ալիք Մեդիա»-ին հայտնեց՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ և պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:

Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանատունն այս տեղեկությունը հերքող հաղորդագրություն տարածել էր նաև օրեր առաջ. «Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։ Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»:

Նշենք նաև, որ Վրաստանի գերատեսչությունների կողմից պաշտոնական տեղեկատվություն չկա:

Ընդգծենք. «Ալիք Մեդիա»-ն կհետևի տարածված տեղեկատվությանը և պաշտոնական հաղորդագրության դեպքում առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի: