«Պարտադրված համակեցության ռեժիմում ենք ապրել». Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության «Իմեդիի շաբաթը» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունը տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել «պարտադրված համակեցության ռեժիմում», իսկ այսօր «Վրաստանն անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք»։

Կոբախիձեն չի բացատրել, թե ինչ է նշանակում «պարտադրված համակեցություն» կամ ով է իրենց ստիպել լինել այդ համակեցության պայմաններում իրենց կամքին հակառակ։

«Մենք տարիներ շարունակ ստիպված էինք ապրել պարտադրված համակեցության ռեժիմում։ Որոշ չափով այդ ռեժիմը պահպանվել է մինչ օրս, չնայած այսօր մենք ունենք արմատապես այլ իրավիճակ։ Բնականաբար, սա ժամանակ է պահանջել։ Այսօր մենք հնարավորություն ունենք լիովին ապացուցելու մեր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Մենք տարեցտարի հասնում ենք այդ կետին։ Այսօր Վրաստանն անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք։ Սա մեր երկրի 2012 թվականից ի վեր ունեցած հիմնական նվաճումներից մեկն է», — ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ մինչև 2012 թվականը երկիրը լիովին կորցրել էր իր ինքնիշխանությունը, և «ինը տարի երկիրը կառավարվում էր օտարերկրյա գործակալության կողմից»։

«Այսօր արմատապես այլ իրավիճակ է. երկիրը վերականգնել է իրական ինքնիշխանությունն ու անկախությունը», — ասել է «Վրացական երազանք»-ի վարչապետը, որին պաշտոնում հաստատել է վիճահարույց միակուսակցական խորհրդարանը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, խորհրդարան մտնելուց հրաժարված ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության զգալի մասը, ոչ կառավարական կազմակերպությունները և հարցեր ունեցող միջազգային գործընկերները։

Վրաստանում համակեցությունը սկսվեց 2012 թվականի հոկտեմբերին, երբ «Բիձինա Իվանիշվիլի-Վրացական երազանք» կոալիցիան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, իսկ այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին («Միացյալ ազգային շարժման» առաջնորդ) մնաց պաշտոնում մինչև 2013 թվականի հոկտեմբերը։ Համապատասխանաբար, մեկ տարի շարունակ երկրում իշխանության երկու բևեռ կար՝ նախագահ մեկ կուսակցությունից և կառավարություն մեկ այլ կուսակցությունից:

«Վրացական երազանք»-ի առաջնորդները տարբեր ժամանակներում տարբեր մեկնաբանություններով են խոսել համակեցության մասին. երբեմն այս գործընթացը ներկայացնելով որպես անհրաժեշտություն, երբեմն քննադատաբար ասելով, թե դա «շատ մեծ զիջում» է նախկին իշխանությանը։

Իվանիշվիլին հաճախ էր ասում, որ համակեցությունը արևմտյան գործընկերների կողմից խորհուրդ տրվող քայլ է՝ Վրաստանում քաղաքական քաոսից խուսափելու և Արևմուտքում երկրի հեղինակությունը վնասելու համար։

Կոբախիձեն ուղղակիորեն ասել է, որ համակեցությունը սխալ էր։ Նրա խոսքով, եթե «Վրացական երազանք»-ը չգործեր իր արևմտյան գործընկերների առաջարկությունների հիման վրա, «Միացյալ ազգային շարժման» ազդեցությունը շատ ավելի վաղ կնվազեր։