Պապուաշվիլին ստորագրեց հոմոֆոբ օրինագծերի փաթեթը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Վրացական երազանք»-ի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հոմոֆոբ օրինագծերի փաթեթը։

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։

Հատկանշական է, որ նախագահը չէր ստորագրել օրենքը, թեև վետոն նույնպես չէր կիրառել (դիտողություններ)։

Օրենքի համաձայն, եթե նախագահը չի ստորագրում օրենքը, ապա կարող է ստորագրել խորհրդարանի նախագահը։ Իսկ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը վերջին՝ երրորդ ընթերցմամբ, 84 ձայնով ընդունել է իշխող «Վրացական երազանք»-ի հոմոֆոբ օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ անձանց իրավունքները։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հունիսի 27-ին, երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 4-ին, իսկ երրորդ ընթերցմամբ՝ սեպտեմբերի 17-ին:

ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր Վրաստանի կառավարության նախաձեռնած ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը: