Ընտրակեղծիքների մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարածած տեղեկատվությունը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին զրպարտություն է համարում։
Զուրաբիշվիլիի զրույցն արտասահմանյան լրատվամիջոցների հետ, ըստ Պապուաշվիլիի, ապակառուցողական գործողություն է։
«Դուք գիտեք, որ Սալոմե Զուրաբիշվիլին օրական մի քանի հարցազրույց է տալիս արտասահմանյան մամուլին և ծաղրում վրաց ժողովրդին, Վրաստանի տարբեր էթնիկ խմբերին, թե, իբր, նրանց օգտագործում են կեղծման համար։ Սովորաբար այս օրերին զբաղված է ապատեղեկատվությամբ։ Ի դեպ, նույնիսկ արտասահմանյան որոշ գործընկերներ մեզ հետ զրույցում ասացին, որ Սալոմե Զուրաբիշվիլիի ապակառուցողական գործողությունն արտաքին մակարդակով արդեն նկատելի է նաև այդ հարցազրույցների միջոցով։ Աշխարհի կեսին ձանձրացրել է. հեռախոսով զանգում ասում է, որ երկիրը փլվում է»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Հիշեցնենք. ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը հայտարարել են, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են, և պահանջել են նոր ընտրություններ։