
Պրահայում ԵՄ անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին` դիմելով իր գործընկերներին, ասել է` ժամանակն է, որ Եվրամիությունը, որպես աշխարհաքաղաքական խաղացող, լիովին հասկանա իր դերը և աջակցի այն երկրների ինքնիշխան ընտրությանը, որոնք պատմականորեն պատկանում են եվրոպական ընտանիքին:
Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանը մնում է Եվրամիության հուսալի գործընկերն ու դաշնակիցը անվտանգության և տնտեսական հարցերում։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանի առաջընթացը պատշաճ կերպով կգնահատվի, և Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ։
«Անցյալ տարի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրվեց, և մեր երկիրն անջատվեց ասոցացված եռյակից։ Այս տարի չափազանց կարևոր է նման բացասական տարբերակումից խուսափելը, քանի որ նման տարանջատումն ուժեղացնում է մեր ընդհանուր չարագործներին և տարածաշրջանը խոցելի է դարձնում ագրեսորի համար։
Որպես գործընկեր երկիր` Վրաստանը ոչ միայն եվրոպական անվտանգության և տնտեսական շահառու է, այլև մեծ ներդրում ունի եվրոպական նպատակների իրականացման գործում, այդ թվում՝ իր զգալի աջակցության ցուցաբերմամբ Աֆրիկայում Եվրամիության համատեղ պաշտպանական և անվտանգության առաքելություններին», — ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը խոսել է նաև Վրաստանի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսները Եվրոպա մատակարարելու ամենաանվտանգ և ամենակարճ ճանապարհի էական դերի մասին։
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը Եվրամիության հետ՝ ամրապնդելու համար Սև ծովի կապն էներգառեսուրսների մատակարարման, բեռնափոխադրումների և թվային կապերի այլընտրանքային ուղիներ ստեղծելու նպատակով, որոնք անհրաժեշտ պայման են կայուն տնտեսական աճի և ամրապնդման համար»,- իր ելույթի ընթացքում ասել է Պապուաշվիլին։