
Միջազգային Palme Center կազմակերպությունը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մարդու իրավունքների իրավիճակի մասին հաշվետվություն է հրապարակել:
2017 թվականի հուլիսի հաշետվության մեջ են ընդգրկվել Եվրախորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգի եւ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Մագդալենա Գրոնոյի կողմից Աբխազիայում իրականացված այցերի ընթացքում ստացած տեղեկատվությունը:
Հաշվետվության մեջ ասված է, որ չլուծված հակամարտությունը ծանր ազդեցություն ունի Աբխազիայի տարածքում բնակվող ժողովրդի վրա: Փաստաթղթում քննարկվում է նաեւ Գալիում տիրող իրավիճակը:
«Պատերազմից հետո Աբխազիա վերադարձած էթնիկ վրացիների կարգավիճակի անորոշությունը Գալիի շրջանում խնդիրների հիմքն է: Երկար ժամանակ է այս ժողովրդի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, այդ թվում, թե ինչ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներից պետք է օգտվեն Աբխազիայի ներսում»,- ասված է հաշվետվության մեջ: