Պահպանողականներն ընտրություններին կմասնակցեն «Հայրենասերների դաշինքի» ցուցակով

Ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Պահպանողական շարժումը» (ավելի հայտնի է «Ալտ-ինֆո» անվամբ) միավորել է ուժերը «Հայրենասերների դաշինք» կուսակցության հետ` 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Դրա մասին նրանք պաշտոնապես հայտարարել են երեկ՝ հունիսի 24-ին։

«Պահպանողական շարժումը» գալիք ընտրություններին մասնակցելու է «Հայրենասերների դաշինքի» ցուցակով, ասուլիսում ասել է կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին` հավելելով` եթե իրենք հաղթահարեն շեմը (այս տարի շեմը փոխվել է` 3 տոկոսից դառնալով 5 տոկոս), ապա խորհրդարան կմտնեն «տպավորիչ կազմով»։

Այլ կուսակցության ցուցակով հանդես գալու վերաբերյալ լուրն ավելի վաղ` հունիսի 11-ին, տարածել էր պահպանողականների մեկ այլ առաջնորդ՝ Զուրաբ Մախարաձեն։

Այլ կուսակցության ցուցակով հանդես գալու պատճառն այն է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դադարեցրել էր «Պահպանողական շարժման» նոր կուսակցության՝ «Վրացական գաղափարի» ընտրությունների գրանցման ընթացակարգը։