Ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողները հերթական հանրահավաքն են անցկացրել Վրաստանի առողջապահության նախարարության մոտ, գրում է InterPressNews-ը:
Հավաքված ծնողները նախարարությունից խնդրել են ֆինանսավորել իրենց երեխաների համար անհրաժեշտ դեղը՝ voxzogo-ն։
Հանրահավաքի մասնակիցները պարզել էին «Պահանջում ենք մեր երեխաների համար կենսական դեղամիջոց», «Պահանջում ենք հանդիպում առողջապահության նախարարի հետ», «Մի՛ խլեք մեր երեխաների առողջության իրավունքը» գրությամբ պաստառներ։
Հանրահավաքի մասնակիցներից Քեթևան Բեգիաշվիլիի խոսքով, եթե առողջապահության նախարարությունը չֆինանսավորի նշված դեղամիջոցը, ապա իրենք կդիմեն համապատասխան իրավական գործողությունների։
Ըստ ծնողներից մեկի՝ Նազի Օչխիկիձեի, արդեն մեկ տարի երեք ամիս է, ինչ իրենց երեխաների համար կենսական դեղամիջոց են խնդրում։
Առողջապահության նախարարության մոտ անցկացված հանրահավաքին միացել են ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության անդամներից Սերգո Չիխլաձեն և նախկին պատգամավոր, բժիշկ Մանանա Ջեբաշվիլին։