Ախալքալաքում այսօր ժամ 19։30-ից մեկնարկեց ջահերով երթը՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով։ Ավանդական դարձած պահանջատիրական երթի կազմակերպիչները՝ «Զորի Զորյան» Երիտասարդական միությունն ու «Արթուր Ղարիբյան» պատանեկան միություններն են։
Երթի մասնակիցները Հայաստանի Հանրապետության եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ ծածանելով՝ շարժվեցին Ախալքալաքի բերդ-ամրոցից դեպի Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցի։
Երիտասարդական միության անդամները «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում են, որ ջահերով երթը ոչ միակ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր միջոցառումն է։ Հատկանշական է, որ մինչ այս երիտասարդները Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքների տարբեր փողոցներում իրազեկման ակցիաներ են անցկացրել՝ բաժանել տեղեկատվական գրքույկներ և կրծքանշաններ ցեղասպանության վերաբերյալ։
Ջահակիրների խոսքով՝ պահանջատիրական երթի նպատակն է լսելի դարձնել հայ ժողովրդի ձայնը, որ բոլորը տեղեկություն ունենան, ճանաչեն և դատապարտեն 1915 թվականի ողբերգությունը․ «Այն պայքարի խորհրդանիշ ու արդարության պահանջ է՝ ուղղված ինչպես Թուրքիային, այնպես էլ միջազգային հանրությանը»։
Բազմամարդ երթին մասնակցում էին տարբեր տարիքի անձինք՝ Ախալքալաքից, շրջանի գյուղերից և Նինոծմինդայից։
Նշենք նաև, որ այսօր ջահերով երթ է անցկացվում նաև Ախալցիխեում, իսկ վաղը այն կկայանա Նինոծմինդա քաղաքում։ Մայրաքաղաք Թբիլիսիում ևս ընթանում է ջահերով երթ՝ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցը։ Հայոց ցեղասպանությունը այս պահի դրությամբ ընդունել են հետևյալ երկրները՝ Ֆրանսիա, Ուրուգվայ, Վենեսուելա, ԱՄՆ, Ռուսաստան, Վատիկան, Սլովենիա, Սլովակիա, Սիրիա, Պորտուգալիա, Պարագվայ, Չիլի, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Հունաստան, Կիպրոս, Բոլիվիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Լիբիա, Լիբանան, Լեհաստան, Լատվիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Բուլղարիա, Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ավստրիա: Եղեռնը ճանաչել և դատապարտել են կազմակերպություններ, նահանգային և ինքնակառավարման մարմիններ ու քաղաքային խորհուրդներ։