Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին ուղղված նամակում գրել է՝ քանի որ Վրաստանն առաջ է շարժվում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, իշխանությունները ցանկանում են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու թափանցիկության, անվտանգության և քաղաքացիական հասարակության իրավունքների ու ազատությունների միջև առավելագույն հավասարակշռություն։
Պապուաշվիլին Կլեր Բազի Մալորին զեկուցել է խորհրդարանում գրանցված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի մասին՝ դրանց վերաբերյալ խնդրելով Վենետիկի հանձնաժողովի իրավական եզրակացությունը։
Պապուաշվիլին նամակում ընդգծել է, որ Վրաստանը գտնվում է տարածաշրջանային անվտանգության փոփոխվող բարդ միջավայրում։ Նման պայմաններում ի հայտ են գալիս նոր և կարևոր խնդիրներ, որոնց պետական գերատեսչությունները պետք է արձագանքեն ժամանակին։ Այս խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են ինչպես բոլոր շահագրգիռ կողմերի թափանցիկության և հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, այնպես էլ անվտանգության մարտահրավերների ավելի լուրջ պատկերացում:
«Այդ կապակցությամբ Վրաստանի խորհրդարանը որոշել է ընդունել նոր կանոնակարգ Վրաստանում գործող ոչ առևտրային/ոչ ձեռնարկատիրական կազմակերպությունների համար։ Խորհրդարան է ներկայացվել երկու օրինագիծ՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։ Օրենքների նախագծերը նպատակ ունեն ապահովել ոչ առևտրային/ոչ բիզնես կազմակերպությունների նվազագույն անհրաժեշտ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ներառյալ օտարերկրյա ֆինանսավորումը:
Տիկին նախագահ, մենք անհամբեր սպասում ենք այս հարցում Ձեզ հետ համագործակցությանը»,- ասված է Պապուաշվիլիի նամակում։
Մարտի 7-ին Թբիլիսիի կենտրոնում իրավիճակը լարվել էր, երբ խորհրդարանն անսպասելիորեն լիագումար նիստում քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ:
Օրենքը Վրաստանի արևմտյան գործընկերներին է թշնամի համարում․ կոնֆլիկտաբան