Վրաստանի քաղաքացիական հասարակությունը մարտի սկզբին բազմահազարանոց բողոքի ակցիաներ նախաձեռնեց ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի: Իշխող կուսակցությունն այդ նախագիծը խորհրդարան էր բերել վերահսկողություն սահմանելու նպատակով երկրում գործող այն իրավաբանական անձանց ու լրատվամիջոցների նկատմամբ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսը ստացվում է արտերկրից: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, իսկ երկրորդի ժամանակ ստիպված հետ կանչեց, քանի որ ցույցերը զանգվածային բնույթ ստացան՝ ուղեկցվելով իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառմամբ:
«Ալիք Մեդիան» մինչ մարտյան իրադարձությունները և դրանից հետո զրուցել է Վրաստանում էթնիկ հայերի հարցերով զբաղվող ՀԿ-ների ու համեմատաբար մեծ լսարան ունեցող հայալեզու մեդիահարթակների ներկայացուցիչների հետ, որոնց գործունեությունն ու գոյությունը կվտանգվեին այդ օրենքի ընդունմամբ:
«Ես չէի սպասում, որ այս օրենքը հնարավոր էր նույնիսկ քննարկման դնել` հաշվի առնելով, որ Վրաստանը եվրոպական ուղղությունն է ընտրել:
Օրենքի ընդունումը մեծ խոչընդոտ կլիներ մեզ նման կազմակերպությունների համար, որոնց ֆինանսավորումն արտերկրից է: Հիմա, երբ օրենքը հետ կանչվեց, մենք զգացինք մեր իրական ուժն ու ազատությունը: Լսարանը, որը մեր միջոցով ստանում է ստուգված, այլընտրանքային տեղեկություն, ֆինանսավորման դադարեցմամբ կզրկվեր այդ ինֆորմացիայից, չնայած մինչ օրս էլ շատերը չեն գիտակցում, թե ինչ օրենք էր դա ու ինչպես կազդեր իրենց վրա», — ասում է Արարատ Թթթյանը` 2006 թվականից Նինոծմինդայի գործող համայնքային ռադիո «Նոր»-ի հիմնադիրը:
Օրենքը նախատեսում էր Վրաստանում ստեղծել օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ էլ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավոր կլինեին գրանցվել: Հրաժարվելու դեպքում՝ նրանց կգրանցեին մեխանիկորեն, այնուհետև կտուգանեին 25 հազար լարիով, իսկ տուգանքը չվճարելու դեպքում՝ ևս տասը հազար լարիով: Այս տուգանքը չվճարելու դեպքում կազմակերպության բոլոր հաշվեհամարները կարգելափակվեին:
«Ալիք Մեդիան բավականին անկյունաքարային դեր է կատարում Վրաստանում իր լսարանի համար: Օրինագիծն օտարերկրյա գործակալ կանվաներ երկրում գործող լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին` այդպիսով ստիպելով մեզ, այսպես ասած` հաստատել, թե Վրաստանում այլ երկրի շահեր ենք ներկայացնում, ինչը, բնականաբար, մենք չէինք անի, տուգանքներն էլ չվճարելու պատճառով կփակեինք կազմակերպությունը: Այնուամենայնիվ, ինչպես երևում է, պայքարը չի ավարտվել: Իշխանական մեդիան և պատգամավորները, ինչպես նաև սոցցանցերի զանազան էջեր այսօր ավելի ակտիվորեն են փորձում «սևացնել» ակտիվիստների, ՀԿ-ների ներկայացուցիչների ու ԶԼՄ-ների գործունեությունը՝ շեշտը դնելով նրանց՝ հենց արևմտյան ֆինանսավորում ստանալու վրա»,- ասում է 2015 թվականից ի վեր գործող «Ալիք Մեդիայի» տնօրեն Լիզա Թորոսյանը:
«Ալիք Մեդիային» և Ռադիո «Նորին» համամիտ է նաև «Ջավախքի լրատվական կենտրոնն»` ի դեմս հիմնադիր Ռիմա Ղարիբյանի: Նա «Ալիք Մեդիայի» հետ զրույցում մատնանշեց լսարանին սպառնացող վտանգի մասին․
«Միշտ մտածում էի` լավ գործ եմ անում, գիշերները չեմ քնում, նախագծեր եմ գրում, որոնցից եզակիներն են ֆինանսավորվում, դրանից հետո անում եմ ավելին, որովհետև անում ենք ոչ թե դոնորների,
այլ մեր համայնքի, ժողովրդի ու պետության համար, բայց փաստորեն կարող եմ «գործակալ» պիտակավորվել: Մեր գործունեությունը նպաստում է Վրաստանի զարգացմանը, քանի որ Վրաստանն առանց փոքրամասնությունների զարգացման առաջ չի գնա»:
Էթնիկ հայերի ու առհասարակ Վրաստանի փոքրամասնությունների հարցերով զբաղվող «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հիմնադիր Առնոլդ Ստեփանյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց հետևյալը.
«Միանշանակ այս օրինագծերը խտրական էին: Դրանք կանդրադառնային բոլոր ոլորտներին, որտեղ պետությունը չի կարողանում օգնություն ցուցաբերել: Ինչ վերաբերում է էթնիկ փոքրամասնություններին, ապա մենք մեր գործունեության ողջ ընթացքում փորձում ենք նրանց վստահեցնել, որ Վրաստանի լիիրավ քաղաքացիներ ենք, հանրության լիարժեք անդամ, իսկ գործակալի դիրքից ընդհանրապես անհնար է պատկերացնել՝ ինչպես պետք է այս թեմայով զրուցեինք նրանց հետ»:
«Օրենքի ընդունումը, անշուշտ, կբարդացներ էթնիկ փոքրամասնությունների առանց դրա էլ անբարենպաստ վիճակը և կխոչընդոտեր ինտեգրացիոն գործընթացներին։
Այս օրենքը նախաձեռնողների ծրագրերում ներառված է նաև Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ազատ լրատվամիջոցների չեզոքացումը, որին Ռուսաստանում, արդեն իսկ կիրառվող փորձի համաձայն, փոխարինելու են ռուսական քարոզչական լրատվամիջոցները»,- մեկնաբանում է Վրաստանի նախկին օմբուդսմեն, «Ժողովրդավարական հետազոտության ինստիտուտ» ՀԿ-ի հիմնադիր Ուչա Նանուշվիլին:
«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Վրաստանում քաղհասարակությունը «ռուսական» է համարում, իսկ երկրի իշխող ուժը պնդում է, թե դա «ամերիկյան» է:
Արևմուտքը կոշտ էր արձագանքել այս օրինագծին` նշելով, որ վերջինս լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների առումով։
Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ օրենքի ընդունումը հակասում է Վրաստանի շահերին ու վնասում է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացին:
Վաշինգտոնը կոչ էր արել վրացական իշխանություններին հրաժարվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից՝ ընդունման դեպքում զգուշացնելով պատժամիջոցներ կիրառելու հեռանկարի մասին: