Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարանին ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծին Վրաստանի լրատվամիջոցների որոշակի մի հատված քննադատաբար է վերաբերվում։
Օրինագիծը, որը Վրաստանում անվանում են նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, ըստ հեղինակների՝ ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
Վրաստանում գործող անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների վրա այս օրենքի ազդեցության մասին «Ալիք Մեդիան» զրուցել է վրացական «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող, «Դրոեբա» հաղորդաշարի հաղորդավար Անի Արվելաձեի հետ։
«Անկասկած, այս օրինագիծը ռուսական օրենքի կրկնօրինակումն է, սա ժողովրդավար երկրին հարիր օրենք չէ, քանի որ սահմանափակում է իրավունքը` մարդու, լրատվամիջոցի թե հասարակական կազմակերպության։ Օրենքը նպատակ ունի խոչընդոտելու նրանց լիարժեք աշխատանքը։ Սա ճնշում է` ուղղված անկախ մեդիային և հասարակական կազմակերպություններին, այն մարդկանց, ովքեր փորձում են հայտնել իրենց առողջ քննադատական կարծիքը։
Անի Արվելաձեն հույս է հայտնում, որ օրինագիծը չի հաստատվի, իսկ հաստատվելու դեպքում դա կլինի իսկական աղետ լրատվական դաշտի համար։
«Ինձ համար՝ որպես լրագրողի և մեդիայի ներկայացուցչի, բնականաբար, այս օրինագիծն անընդունելի է։ Կարծում եմ, քաղաքացիական հասարակությունն ուշքի կգա և կհասկանա, թե ինչ վտանգի առջև ենք կանգնած։ Այս պահին ռուսական ապատեղեկատվության մեքենան մեր դեմ է գործում»։
Լրագրողի խոսքով` ժողովրդավար հասարակության համար ամենակարևոր արժեքն ազատ խոսքի իրավունքն է, որը «ռուսական օրենքը» նախատեսում է սահմանափակել։
«Նման անհամարժեք օրենքի շուրջ Վրաստանում նույնիսկ քննարկումներ չպետք է տեղի ունենային, ուր մնաց` օրենքը հաստատվի։ Այս պահին յուրաքանչյուրիս պարտքն է սթափ գլխով հասկանալ վտանգի լրջությունը և կատարել մեր քաղաքացիական պարտականությունը՝ պաշտպանել մեր և մեր համաքաղաքացիների, անկախ մեդիայի իրավունքները»։
Արվելաձեն նշում է, որ բոլոր անկախ լրատվամիջոցները և ՀԿ-ների մեծամասնությունը բազմիցս հայտարարել են, որ այդ օրենքը Վրաստանի քաղաքացիների ընտրությունը և կարծիքը չէ․ «Ես ևս, վստահաբար կարող եմ ասել, որ սա իմ կարծիքին հակասում է, սա Վրաստանի ընտրությունը չէ»։
Լրագրողը որպես փաստարկ նշում է վիճակագրական տվյալներ․
«Եթե անգամ մեր խոսքը բավարար չէ, ապա թվերով կարող ենք ապացուցել, որ մեր երկրի քաղաքացիների առնվազն 70 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը, իմ մասնագիտությունից ելնելով` կարող եմ վստահեցնել, որ մեր բնակիչների մեծ մասն իր ապագան տեսնում է Եվրոպայում։ Իսկ այս կոնտեքստում պարտադիր պետք է նշվի նաև անկախ մեդիայի դերը», — ասում է լրագրողն ու շարունակում․ «Եվրոպական հայացքներ ունեցող երկրում լրատվամիջոցները պետք է լինեն անկախ և ազատ, քաղաքացիական հատվածը պետք է ունենա ազատ ընտրության իրավունք, ոչ ոք իրավունք չպետք է ունենա սահմանափակելու այլ անձի կամ մարմնի աշխատանքի ազատությունը»։
Այստեղ հատկանշական է նաև, որ դեռ անցյալ տարի՝ 2022 թվականին, Եվրամիության կողմից Վրաստանին տրված 12 հանձնարարականներից 7-րդ կետը վերաբերում է ազատ լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը զեկույց էր հրապարակել Վրաստանի ներկայացրած ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ՝ գնահատելով եվրաինտեգրման ճանապարհին օրենսդրության մակարդակով Վրաստանի կատարած պարտավորությունները։ Այնտեղ նշված էին նաև վերոնշյալ կետի՝ ազատ լրատվամիջոցների ուղղությամբ կատարված բարեփոխումները․
«Վրաստանը որոշակի մակարդակով պատրաստվածություն ունի տեղեկատվական հասարակության և լրատվամիջոցների ոլորտում: Սակայն, պետք է ջանքեր գործադրվեն՝ դրանք Եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելու համար»։