Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեպքում ինքը վետո կդնի այդ օրենքի վրա։
Այս հայտարարությունը նա արել է այսօր՝ փետրվարի 28-ին, գենդերային հավասարության ամենամյա քաղաքական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։
«Ես կտրականապես դեմ եմ այդ օրենքին և չեմ միանալու դրա քննարկմանը, բոլոր դեպքերում վետո կդնեմ։ Այս օրինագծի ընդունումը նշանակում է Վրաստանի հեռացում Եվրոպայից։ Հետևաբար, ինձ համար դա անընդունելի է։ Ռուսաստանի կառավարությունը տարիներ շարունակ օգտագործում է նմանատիպ օրենքը՝ ճնշելու նպատակով անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական սեկտորին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»:
«Ժողովրդի ուժը» շարժումը ստեղծել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին. նրանց են միացել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին թիմակիցներ, հասարակական գործիչներ:
Վրաց քաղաքագետները շարժումն անվանել էին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «հիմնադրած նոր քաղաքական ուժ», որն, ըստ նրանց՝ ավելի արմատական է լինելու: Փորձագետների գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները: