2013-2014 ուսումնական տարվանից մինչև 2022-2023 ուսումնական տարին օտարերկրյա ուսանողների վճարած գումարի չափը 14 միլիոն լարիից դարձել է 260 միլիոն լարի (մոտ 100 մլն դոլար)։ Այս մասին ասվում է Մարդկային ռեսուրսների կառավարման PMC վրաստանյան հետազոտական կենտրոնի ուսումնասիրության մեջ, որը վերաբերում է Վրաստանում օտարերկրյա ուսանողների դինամիկային և օտարալեզու կրթական ծրագրերին։
Հետազոտությունների համաձայն՝ վերջին տարիներին Վրաստանում օտարերկրյա ուսանողների թիվը զգալիորեն աճել է։ 2013-2014 ուսումնական տարվանից մինչև 2022-2023 ուսումնական տարին նրանց թիվը 3 508-ից (27 երկրներից) հասել է 20 հազար 690-ի (80 երկրից): Միջին տարեկան աճի տեմպը կազմել է 22,3 տոկոս:
Կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի հաշվետու ժամանակաշրջանում օտարալեզու կրթական ծրագրերի պահանջարկը դարձել է ավելի քիչ դիվերսիֆիկացված, իսկ բժշկական կրթական ծրագրերի պահանջարկն աճել է, ինչը հիմնականում պայմանավորված է հնդիկ ուսանողների թվի աճով, քանի որ նրանց մեծ մասը սովորում է այս ծրագրերով։
Օտարերկրյա ուսանողների թվի ավելացմանը զուգընթաց ավելացել են նաև վրացական բուհերում օտար լեզուների ուսուցման ծրագրերը։ Մասնավորապես, 2013-2014 ուստարվանից մինչև 2022-2023 ուստարի օտարալեզու կրթական ծրագրերի թիվը 61-ից հասել է 183-ի։ Օտարալեզու ծրագրերում առաջատարն է բժշկության հետ կապված ուղղությունը։
2013-2014 ուսումնական տարվանից մինչև 2022-2023 ուսումնական տարին օտարերկրյա ուսանողների մասնակցությամբ կրթական ծրագրերի միջին վճարը 4 300 լարիից (մոտ 1 653 դոլար) դարձել է 9 400 լարի (մոտ 3 615 դոլար), իսկ տարեկան միջին վարձավճարի աճը կազմել է 9 տոկոս: