Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանի «նախագահի խորհրդական» Կոնստանտին Կոչիևը նշել է այն քաղաքները, որտեղ, նրա կարծիքով, կարող են բանակցությունները տեղափոխել Ժնևից։
«Սրանք, այսպես կոչված, ՄԱԿ-ի կենտրոններ են. Քենիայում` Նայրոբին, Ղազախստանում՝ Աստանան: Մեզ հարմար կլիներ Մինսկում անցկացնել բանակցությունները, բայց Բելառուսի մայրաքաղաքը ՄԱԿ-ի քաղաքներից չէ»,- ասել է Կոչիևը:
Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1996 թվականին` որպես ՄԱԿ-ի պաշտոնական կենտրոնակայան Աֆրիկայում։ Դա կազմակերպության չորս հիմնական ստորաբաժանումներից մեկն է Նյու Յորքի, Վիեննայի և Ժնևի ստորաբաժանումների հետ միասին:
Կոչիևը պնդում է, որ «իր ռուս գործընկերները» խորհրդակցություններ են անցկացրել մի քանի մայրաքաղաքների հետ և արդեն առաջարկներ ունեն անվտանգության հարցի քննարկման հավանական վայրի վերաբերյալ։ Ըստ նրա՝ խնդրի լուծման համար նաև անհրաժեշտ է կոնսենսուս։
«Սա նշանակում է, որ բոլոր մասնակիցները պետք է համաձայնեն, որ քննարկման վայրը փոխվի։ Մենք շարունակելու ենք պնդել մեր պահանջը»,- հավելել է «նախագահի խորհրդականը»:
2022 թվականին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «ժնևյան քննարկումները դարձել են աշխարհաքաղաքականության պատանդ» և նշել է, որ բանակցային գործընթացը պետք է տեղափոխվի «ավելի չեզոք վայր»։ 2023 թվականին Բելառուս կատարած այցից հետո Աբխազիայի «նախագահ» Ասլան Բժանիան ասել է, որ Մինսկը կարող է դառնալ «անվտանգության քննարկումների չեզոք վայր»: Վրացական կողմը և քննարկման միջազգային մասնակիցները չեն մեկնաբանել Մոսկվայի և Սոխումիի նախաձեռնությունները։
2022 թվականին Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում իր դերին որպես ընդունող երկիր և ձգտում է ապահովել, որ բոլոր պատվիրակությունները կարողանան Ժնև ժամանել և աշխատել հնարավոր լավագույն պայմաններում։ 2023 թվականի մարտին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ժնևի քննարկումների հաջորդ փուլից առաջ ասել է, որ ինքը բանակցություններն այլ վայր տեղափոխելու անհրաժեշտություն չի տեսնում։
Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո։ Համանախագահներն են Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչները։ Քննարկումներին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, նաև Աբխազիայի ու Ցխինվալիի օկուպացված շրջանների ներկայացուցիչներ։
Ժնևի միջազգային բանակցություններն ընթանում են զուգահեռ աշխատանքային երկու խմբերում. մի խումբը քննարկում է անվտանգության հարցերը, երկրորդը՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի, նաև մարդասիրական այլ խնդիրներ ու մարդու իրավունքների խախտումներ (մայրենի լեզվով կրթություն, մշակութային ժառանգության պաշտպանություն, օկուպացիոն գծով ազատ տեղաշարժ և այլն):