
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանը և Նիկարագուան ստորագրել են «առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագիր». այն է՝ «դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական և արտասահմանյան անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ձևակերպումներից փոխադարձ հրաժարվելու մասին»։
«Համաձայնագիրը» ստորագրել է օկուպացված Ցխինվալիի շրջանի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ախսար Ջիոևը, իսկ Նիկարագուան ներկայացրել է «Հարավային Օսիայում դեսպան» (նստավայրը՝ Մոսկվա) Ալբա Տորեսը։
Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են «երկու բարեկամ երկրների հարաբերությունների ասպեկտները, դրանց ամրապնդման ու զարգացման ուղիները, ինչպես նաև միջազգային ընթացիկ իրադարձությունները»։
Ի դեպ, 2008 թվականին Նիկարագուան Ռուսաստանից հետո առաջին երկիրն էր, որը «ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, աբխազական և հարավօսական «անձնագրեր» ունեցողները Նիկարագուայում առանց վիզայի կարող են մնալ մինչև 90 օր։
Վրաստանը և նրա միջազգային գործընկերները Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներ։ Նրանց «անկախությունը» ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան, Նաուրուն։