
Հուլիսի 3-ին Վրաստանի խորհրդարանն արտահերթ նստաշրջանի նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Առողջության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի` ընդլայնվում են առողջապահության նախարարության լիազորությունները։
Ըստ օրենքի՝ առողջապահության նախարարությունն առանց նախնական ծանուցման կարող է ամեն պահի ստուգել և, անհրաժեշտության դեպքում, փակել նախարարության հսկողության տակ գտնվող ցանկացած մասնավոր կամ պետական բժշկական հաստատություն։
Օրինագծում փոփոխության նախաձեռնողը առողջապահության նախարարությունն է։ Փոխնախարար Թամար Գաբունիայի պարզաբանմամբ` օրինագծի հիմնական նպատակը հիվանդի առողջության ու անվտանգության ապահովումն է, և արդյունավետ վերահսկողության մեխանիզմի ստեղծմամբ բժշկական ծառայությունների որակը կտրուկ կբարելավվի։