
Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, փորձագետների և ընդդիմադիր քաղաքական գործիչների գնահատմամբ, «Վրացական երազանք»-ը շարունակում օգտագործել իր հակաժողովրդավար մեխանիզմները՝ շարունակելով աշխատանքից ազատել հանրային ծառայողների իրենց քաղաքական հայացքների պատճառով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության տվյալներով՝ 400 պետական ծառայող արդեն անօրինական կերպով ազատվել է աշխատանքից։ TI-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով՝ նրանց պատժում են իրենց քաղաքական հայացքների համար։
«Վերջին շրջանում բազմաթիվ հանրային ծառայությունների մարմիններ վերակազմավորում են անցնում, շատերն ազատվել են աշխատանքից բացարձակապես առանց պատճառի: Վերջին տվյալներով՝ մոտ 400 մարդ արդեն ազատվել է հանրային ծառայությունների ոլորտից։ Այս գործընթացը շարունակվում է։ Մենք ամեն օր ահազանգեր ենք ստանում պետական ծառայողներից:
Աշխատանքից ազատման հիմնական պատճառն այն է, որ նրանք պաշտպանում են Վրաստանի Սահմանադրությունը և անում են ամեն ինչ, որպեսզի հեռու մնան այն անօրինություններից, որոնք այսօր կատարվում են Վրաստանում»,- ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» գործադիր տնօրենը։
Ըստ Էկա Գիգաուրիի, Հանրային ռեգիստրը քաղաքական որոշմամբ չի գրանցում հանրային ծառայողների միությունը, նրա խոսքով՝ աշխատանքից ազատմամբ հանրային ռեգիստրը խախտում է Աշխատանքի միջազգային կազմակերպության մի շարք կոնվենցիաներ։
Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Թամար Թաթանաշվիլին մի քանի օր առաջ ֆեյսբուքյան հրապարակման մեջ գրել է, որ իրեն ևս ազատել են աշխատանքից։
«8 տարվա աշխատանքից հետո ԹՊՀ իրավաբանական ֆակուլտետը որոշեց, որ ես իրավաբանական կրթությանն այլևս պետք չեմ։ Այս փաստն ինձ համար իսկապես զարմանալի չէր, քանի որ ոտնձգություններն ու անարդար վերաբերմունքը հատկապես նկատելի էին ռուսական օրինաստեղծ գործընթացից սկսած։
Ինձ ամենաշատը ցավեցնում է իմ սաներից ու ընդհանրապես նրանց հետ շփվելու երջանկությունից զրկվելը: Բոլորը շատ լավ գիտեն, թե որքան եմ սիրում իմ աշխատանքը, որին ծառայում եմ ամբողջ սրտով։
Ես իսկապես չեմ կարող մասնագիտական և մարդկային արժեքներ պահանջել ռեժիմի ծառայողներից, որոնք պարզապես այլ գործառույթներ չունեն։ Համալսարանի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը, խոսքի ազատության հետ մեկտեղ, վաղուց արդեն պաշտոնապես ձևական կատեգորիաներ են դարձել»,- գրել է նախկին դասախոսը։
Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) իրավաբանական ֆակուլտետի դասախոս Իրինե Խերխեուլիձեն ևս ազատվել է աշխատանքից: Դասախոսների, ուսանողների և քաղհասարակության խոսքով` նրանք քաղաքական դրդապատճառով են հեռացվել համալսարանից:
Աշխատանքից հեռացման մասին գրել է նաև Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Գիորգի Ցերցվաձեն։
«Ինձ հեռացրին համալսարանից: Հիմա որ վերլուծում եմ՝ ավելի շուտ էին հեռացրել: Այսօր բացել եմ աչքերս և ուզում եմ անկեղծորեն զղջալ այն տխուր իրականության համար, որ նման լկտիությամբ ու անզուսպ ցինիզմով էի ջուր լցնում խորքային պետության (Deep State) և «գլոբալ պատերազմի կուսակցության» ջրաղացին», — հեգնանքով գրել է Ցերցվաձեն:
Համալսարանը դեռևս պարզաբանում չի հրապարակել նշված դասախոսներին աշխատանքից հեռացնելու պատճառների վերաբերյալ։
Աշխատանքից ազատման մասին մարտի 14-ին հայտնել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանի երկու պետական ծառայող։ Դրա մասին Facebook-ում գրել են Թամթա Կաճախիձեն և Ջաբա Քարելին։ Նրանք ևս համոզված են, որ իրենց աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով:
«Մենք կանգ չենք առնելու, մեր աշխատանքը կորցնելը ոչինչ է, մենք վախենում ենք կորցնել մեր երկիրը», «ողբերգություն է, երբ պետական ծառայողին պատժում են սահմանադրությունը պաշտպանելու համար»,- գրել են նրանք:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ հանրային ծառայողների աշխատանքից ազատման հարյուրավոր դեպքերի։ Նրա խոսքով՝ «այդ քաղաքականությունը բռնապետական համակարգի մոտեցում է, որի նպատակն է ճնշել բացարձակապես բոլորին, առաջին հերթին` հենց պետական աշխատողներին: Դրդապատճառներից մեկը զրկելն է մարդկանց պետական աշխատանքից` արդյունքում ամբողջությամբ վերահսկողություն սահմանելով պետական համակարգում»:
Միջազգային հարցերով փորձագետը նշեց, որ խոսքը այն պետական ծառայողների մասին է, որոնք ստորագրել են Եվրաինտեգրման գործընթացին կողմ փաստաթղթեր և դեմ են ինտեգրման գործընթացի սառեցմանը:
«Սա ճնշումների և ռեպրեսիաների շարունակությունն է, և հասկանալի է, որ նպատակը համակարգի վերահսկումն է: Այս քայլերը պետք է գնահատվեն զուգահեռ ԶԼՄ-ների, նաև շատ այլ հասարակական կառույցների դեմ վարած («Վրացական երազանք»-ի) քաղաքականության»,- ընդգծեց Թումասյանը:
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Նանա Մալաշխիան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «իշխանությունը պահպանելու համար այսօրվա ռեժիմը վերջնականապես ոչնչացնում է քաղաքացիական ծառայությանը»։
«Բռնադատված պետական ծառայողներ.
Պատկերացնո՞ւմ եք, թե որքան անձնական և պետական ռեսուրսներ են ներդրվում այս մարդկանց կարիերայի աճի համար, և այդուհանդերձ, վարչախումբը հանրային ծառայությունից հեռացնում է նման իրավասու և երկրին նվիրված մարդկանց։
Իշխանությունը պահպանելու համար այսօրվա ռեժիմը վերջնականապես ոչնչացնում է կոմպետենտության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության վրա հիմնված քաղաքացիական ծառայությունը և ջնջում ինստիտուցիոնալ հիշողությունը»,- գրել է Մալաշխիան։