Օրենքն ուղղակիորեն սպառնում է ԱՄՆ-Վրաստան գործընկերությանը. USAID ղեկավար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը կտրականապես դատապարտում է Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա ազդեցության մասին օրենքի» ընդունումը:

Նրան անհանգստացնում են այն հետևանքները, որոնք, նրա կանխատեսմամբ, կունենա «գործակալների օրենքը» ժողովրդավարական ինստիտուտների վրա։ Փաուերի հայտարարությունը հրապարակվել է USAID Georgia ֆեյսբուքյան էջում։

«Մենք կտրականապես դատապարտում ենք Վրաստանի խորհրդարանում անցկացված քվեարկությունը՝ ի պաշտպանություն «օտարերկրյա ազդեցության» օրենքի, որը խաթարում է Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների գործունեությունը, ինչը կդժվարացնի ապագայում Վրաստանի բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցումը», — ասել է Փաուերը:

Ըստ USAID-ի ղեկավարի՝ Եվրամիությունը հստակ հայտարարել է, որ այդ օրենքը ներուժ ունի խոչընդոտելու Վրաստանի հետագա ինտեգրման հեռանկարներն ու ջանքերը Եվրամիությանը, որին աջակցում է Վրաստանի բնակչության մեծ մասը. «Սա ուղղակի վտանգ կստեղծի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի գործընկերության համար, որը սկսվել է 1990-ականներին և հիմնված է փոխադարձ շահերի ու ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա։ Այդ ժամանակվանից USAID-ը Վրաստանին տրամադրել է մոտ 2 միլիարդ դոլարի օգնություն»:

Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։