Վրաստանում Լիտվայի դեսպան Էնդրյուս Կալինդրան, անդրադառնալով Վրաստանում վերջին ամիսների քաղաքական վիճակին, ասել է, որ «Գործակալների մասին» օրենքի ընդունումն արդեն ազդել է Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունների վրա: «Մենք ուզում ենք, որ Վրաստանն առաջ գնա, իսկ Վրաստանն ուզո՞ւմ է առաջ գնալ։ Դա պետք է ապացուցել»,- Interpressnews-ին տված հարցազրույցում ասել է դեսպանը:
Դեսպանը նշել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանի համար «լիովին անհարկի» է:
«Այս օրենքի վերաբերյալ շատ եվրոպացի քաղաքական գործիչներ իրենց կարծիքն են հայտնել։ Եվ եթե աշխարհագրականորեն դատենք ժողովրդավարական և ինքնավար պետությունների մասին, ապա կարող ենք տեսնել, թե ինչ են ասել դեմոկրատական երկրները, և ինչպիսի ուղերձ են հղել ավտոկրատական ռեժիմներից:
ԵՄ-ն ինքնին իսկապես եզակի միություն է՝ հիմնված արժեքների վրա։ Մենք տեսնում ենք, որ այս օրենքը լիովին անհարկի է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար։ Դա արդեն ազդել է ԵՄ-Վրաստան հարաբերությունների և համագործակցության վրա»,- ասել է դեսպանը։
Դեսպանն ընդգծել է, որ նման և այլ բոլոր օրենքների ընդունումը չպետք է արվի ազատության սահմանափակման հաշվին: