Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում անդրադարձել է «գործակալների մասին օրենքի» առաջին ընթերցմամբ ընդունմանը՝ ընդգծելով, թե ոչինչ չի կարող խոչընդոտել օրենքի ընդունմանը։
«Ոչինչ չի կարող խոչընդոտել պետական ինքնիշխանության պաշտպանությանը և, համապատասխանաբար, օրենքի վերջնական ընդունմանը։ Դեպի Եվրոպա՝ արժանապատվությամբ, թափանցիկությամբ և ինքնիշխանությամբ: Սա է մեր կարգախոսը և մեր ոգին: Մենք հավատում ենք, որ կարող ենք դառնալ Եվրամիության անդամ միայն արժանապատվությամբ, թափանցիկությամբ և ինքնիշխանությամբ։ Այնպես որ, արժանապատվորեն դեպի Եվրոպա»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով, «Վրաստանի ինքնիշխանությունը մարտահրավերներ ունի բազմաթիվ այլ ուղղություններով». «Ես միտումնավոր ձեռնպահ կմնամ հստակեցնելուց, թե ինչ նկատի ունեմ սրանով»։ Ըստ նրա՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ տարբեր կողմերից պետական ինքնիշխանության պաշտպանությունն ապահովելու համար»:
Վարչապետի խոսքով, «այս օրենքի ընդունումը կպաշտպանի Վրաստանը ուկրաինացումից»: Կառավարության ղեկավարն ասել է, որ թափանցիկությունը հավասարապես վերաբերում է բոլորին՝ թշնամուն և բարեկամին, այդ թվում և՛ լավ, և՛ վատ սուբյեկտներին։ Կոբախիձեն քննադատել է ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները:
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»: