Օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի եվրանդամակցության ուղու վրա. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անդրադարձել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «գործակալների օրենքի» վետոյի հաղթահարմանը:

Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է՝ օրենքը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի ուղու վրա:

«Վրաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը: Սակայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքը հակասում է Եվրամիության հիմնական սկզբունքներին և արժեքներին, ինչը բացասաբար է անդրադառնում Վրաստանի եվրոպական ապագայի վրա։ Մենք կդիտարկենք բոլոր տարբերակները և կոչ կանենք իշխանություններին վերադառնալ ԵՄ նկրտումներին», — X-ի միկրոբլոգում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ի դեպ, Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ նշել են՝ Եվրամիությունն իր խոր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը որոշել է շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի վրա նախագահի (Սալոմե Զուրաբիշվիլիի- հեղ.) վետոն և անտեսել է Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները, որոնք հստակ հանձնարարական էին պարունակում այդ օրենքը չեղյալ համարելու համար։

Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն